Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի


Երևանի ավագանու ընտրությունները 2017 թվականին, արխիվ
Երևանի ավագանու ընտրությունները 2017 թվականին, արխիվ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Տեղեկությունը հաստատեցին նաև Կառավարությունից։ Սեպտեմբերի 23-ին, ինչպես փոխանցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Երևանում կբացվեն 475 ընտրական տեղամասեր:

«Այն պահից, երբ մենք հասկացանք, որ այդ տեսախցիկների տեղադրումը առնվազն երկու ամիս ժամկետ է պահանջում, պարզ դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում դրանք ֆիզիկապես հնարավոր չէ տեղադրել», - պարզաբանեց Դանիել Իոաննիսյանը:

Անցած տարի անցկացված Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերի մեծ մասում տեղադրված էին տեսախցիկներ, չնայած Ընտրական օրենսգիրքով դրանց տեղադրումը նախատեսվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Իոաննիսյանն ասաց՝ տեսախցիկները տեղադրվել էին խորհրդարանականի ժամանակ, Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին դրանցից 6 շաբաթ անց: Եվ քանի որ սպասարկման արտոնագիրը եռամսյա էր, տեսախցիկները չհանվեցին, օգտագործվեցին նաև ավագանու քվեարկության ընթացքում:

«Ազատության» հարցին՝ այժմ չտեղադրելու պատճառը ֆինանսական է, թե՞ տեխնիկական, վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը հայտարարեց՝ առնվազն տեխնիկական անհաղթահարելի խնդիրներ կան, բայց և անկարևոր չհամարեց հարցի ֆինանսական կողմը:

«Դե՝ առնվազն տեխնիկական անհաղթահարելի խնդիրներ կան: 2017 թվականին, քանի որ Երևանի ընտրությունները Ազգային ժողովի ընտրություններից ընդամենը 6 շաբաթ հետո էին, տեսախցիկները ուղղակի չհանվեցին: Այնինչ, հիմա պետք էր լինելու այդ ամենը նորից գնել, տեղադրել և դա ֆիզիկապես հնարավոր չէր լինի հասցնել: Թեև տեսախցիկները ֆիզիկապես կան տարբեր գերատեսչությունների պահեստներում՝ բավարար քանակությամբ Երևանի ընտրությունները սպասարկելու համար, բայց դրանց հետ կապված ծախսերի մեծ մասը ոչ թե տեսախցիկների գինն է, այլ դրանց տեղադրումը, սպասարկումը, կապուղիները, տարբեր տեսակի լիցենզիաները, կայքը և այլն: Եվ դա էլ բավականին ծախսատար միջոցառում է», - պարզաբանեց Իաննիսյանը՝ շարունակելեով․ - «Ամեն դեպքում, եթե, օրինակ, ընտրությունները լինեին հերթական և նախապես իմանայինք, որ ընտրություններ են լինելու, կարծում եմ մինչև 1 մլն դոլար կարող է պահանջվեր, որ տեսախցիկները տեղադրվեին և սպասարկվեին: Օրենքով նախատեսված էլ չէ: Այսինքն, տեսականորեն, եթե բյուջեից դրա համար մեծ գումար հատկացվեր, բավական լեգիտիմ կլիներ հարցը, թե ինչի հիման վրա է բյուջեից այդ գումարը ծախսվում տեսախցիկների վրա: Օրենքը նախատեսում է միայն Ազգային ժողովի ընտրությունների համար տեսախցիկների տեղադրումը»:

Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» ցուցակի երկրորդ համարը՝ Արմեն Մարտիրոսյանը, խիստ բացասական համարեց ընտրական տեղամասերում տեսախցիկների բացակայությունը։ Մարտիրոսյանի խոսքով՝ տեսախցիկները վերահսկողության լավ միջոց էին բռնություններն ու ընտրախախտումները կանխելու համար։ Խորհրդարանական ընտրություններին ՕՐՕ դաշինքով մասնակցած «Ժառանգության» վարչության նախագահն ասաց՝ 2017-ին օնլայն հետևել են այն տեղամասերի քվեարկության ընթացքին, որոնց վերաբերյալ ահազանգեր են ունեցել:

«Հույս ունեմ, որ այնուամենայնիվ այն, ինչ տեսախցիկները պետք է արձանագրեն և դրա համար են նախատեսված՝ ձայնագողություն, բռնություններ տեղամասերում, այս անգամ չի լինի: Բայց, իհարկե, խիստ բացասական եմ գնահատում դրանց բացակայությունը: Հույս ունենամ, որ այդ բոլորով հանդերձ մենք կունենանք քիչ թե շատ նորմալ ընտրություններ», - հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG