Մատչելիության հղումներ

Շուրջ 110 մլն դրամի առերևույթ հափշտակության դեպք՝ Ոստիկանության ՊՊԳ վարչությունում


Ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի 2015-2018թթ. ֆինանսական գործունեության ստուգման արդյունքում մոտ 110 մլն դրամի առերևույթ հափշտակության դեպք է բացահայտվել:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, ստուգման արդյունքում պարզվել է, որ 6 տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիման վրա մատուցված ծառայությունների համար ստացված առանձնապես խոշոր չափի՝ 109.990.200 ՀՀ դրամը ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի աշխատակցի կողմից չի մուտքագրվել գնդի արտաբյուջետային հաշվեհամարին:

«Բացի այդ, առերևույթ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նշված հափշտակության իրականացումը հնարավոր է եղել ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ղեկավար աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքի հետևանքով», - ասված է հաղորդագրությունում:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG