Չորեքշաբթի օրը Թբիլիսիում մեկնարկած «Հարավկովկասյան մեդիաֆորումի» գլխավոր բանախոսներն այդպես էլ չկարողացան մուտք գործել Վրաստանի տարածք:
Վերին Լարսի անցակետում ծառայող վրաց սահմանապահները թույլ չտվեցին երկիր մուտք գործել քաղաքագետ Ալան Քեսաևին, իսկ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից հետ` Մոսկվա ուղարկվեցին ՏԱՍՍ գործակալության ռազմական մեկնաբան Վիկտոր Լիտովկինը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի` МГИМО-ի աշխատակից Ալեքսեյ Տոկարևը և «Ռուսաստանյան հանրության ուսումնասիրությունների ընկերակցություն» վերլուծական կենտրոնի աշխատակից Գենադի Բորդյուգովը:
Մեդիաֆորումի այս մասնակիցներին վրացական կողմը մեղադրում է «Օկուպացված տարածքների մասին օրենքը» խախտելու համար:
Ռուսաստանցի լրագրողներն ու վերլուծաբաններն, ըստ պաշտոնական Թբիլիսիի, բազմիցս այցելել են Աբխազիա և Հարավային Օսիա` շարունակաբար հայտարարելով, որ դրանք անկախ պետություններ են, այլ ոչ թե Վրաստանի անքակտելի մասը:
Բուն մեդիաֆորումը ևս ուղեկցվում էր սկանդալների շարքով: Ֆորումի կազմակերպիչների թվում է Ռուսաստանի նախագահին կից գործող «Դրամաշնորհների հիմնադրամը», ինչը, ըստ վրացական հանրության զգալի մասի, վկայում է, որ համաժողովի անցկացման իրական նպատակը պաշտոնական Մոսկվայի տեսակետները Վրաստանում տարածելն է: Դա էր թերևս պատճառը, որ համաժողովի մեկնարկին զուգահեռ դրա անցկացման վայրի` Vere Palace հյուրանոցի հարևանությամբ մի քանի տասնյակ երիտասարդներ ոչ այնքան ավանդական բողոքի ակցիա կազմակերպեցին:
Ցուցարարները, երաժշտության ուղեկցությամբ, փողոցում սեղան էին տեղադրել, որի շուրջ Վրաստանի տարածքային ամբողջականության կենացն էին խմում` պահանջելով ֆորումի մասնակիցներից, որպեսզի նրանք հստակորեն հայտարարեն` արդյոք ճանաչո՞ւմ են Վրաստանի տարածքային ամբողջականություն, թե՞՝ ոչ:
Համաժողովի մասնակիցները, սակայն, ամեն կերպ փորձում էին խուսափել Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի շուրջ քննարկումներից:
«Ես օկուպացիայի մասին չեմ խոսելու: Կներեք, բայց դա իմ գործառույթների մեջ չի մտնում: Ես գիտեմ, որ ամեն ինչ շատ բարդ է, բայց մենք պետք է շփվենք՝ չնայած առկա բոլոր խնդիրներին: Անձամբ ես քարոզչության մաս չեմ», - «Ազատության» վրացական ծառայությանը տված հարցազրույցում նշում էր մոսկվացի քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանքի» ղեկավարների համոզմամբ, Ռուսաստանի կողմից տրամադրվող պետական դրամաշնորհների միջոցով Վրաստանի հանրային կարծիքը հնարավոր չէ փոխել:
«Որևէ վտանգ չկա: Դուք շատ լավ տեղյակ եք, թե որն է մեր համազգային տեսակետը, և որևէ լրագրող կամ քաղաքագետ չի կարող ազդել Վրաստանի իշխանությունների տեսակետների վրա: Եթե այս համաժողովի ընթացքում նույնիսկ նման փորձեր լինեն, միևնույն է, ես նման վտանգ չեմ տեսնում», - հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին: