Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հաստատել է, որ հունիսին Անգլիայում 44-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած նյութը նույն «Նովիչոկ»-ն է, որից մարտին թունավորվել էին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը։
Կազմակերպությունը երեկ հայտարարել է, որ իր թիմի կողմից հավաքված նմուշների լաբորատոր հետազոտությունները «հաստատում են Միացյալ Թագավորության եզրակացությունները թունավոր քիմիական նյութի պատկանելության հետ կապված»: Այնուամենայնիվ, հնարավոր չի եղել ճշտել՝ արդյոք նո՞ւյն խմբաքանակից են եղել մարտին և հունիսին օգտագործված նյարդապարալիտիկ նյութերը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, թե «նյարդապարալիտիկ նյութը Մեծ Բրիտանիա բերելու՝ ռուսական պետության անխոհեմությունը և հասարակության անվտանգության բացարձակ անտեսումը սարսափելի է և անպատասխանատու»:
Բրիտանիայի քաղաքացիներ 44-ամյա Դոն Սթարջեսը և 45-ամյա Չարլի Ռոուլին Էյմսբերի ավանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էին տեղափոխվել հունիսի 30-ին, երեք երեխաների մայր Սթարջեսը օրեր անց մահացել է, Ռոուլին ապաքինվել է: Վերջինս պատմել է, որ ինքն էր նվիրել իր ընկերուհուն օծանելիքը, որի մեջ, ինչպես հետագայում պարզվել է, նյարդապարալիտիկ նյութն է եղել։
Այսօր Մեծ Բրիտանիայի դատախազությունը հրապարակել է Սկրիպալների թունավորման գործով կասկածվող՝ երկու ՌԴ քաղաքացիների անուններն ու լուսանկարները: Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածվում են Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը: Ըստ BBC-ի՝ Սոլսբերիում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են նրանց Սկրիպալների վրա հարձակումից առաջ: Պետրովը և Բոշիրովը Մեծ Բրիտանիա են ժամանել մարտի 2-ին և 4-ին և Սկրիպալների թունավորումից անմիջապես հետո լքել են երկիրը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր երկրի խորհրդարանում հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ «Մեր կառավարությունը եկել է այն եզրահանգմանը, որ Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին թունավորվելու մեջ մեադրվող այդ երկու անձինք ՌԴ ռազմական հետախուզության աշխատակիցներ են»,- ասել է Մեյը, հավելելով, թե լուրջ կասկածներ կան, որ այդ մարդիկ ինքնուրույն չեն գործել ու հրահանգներ են ստացել են ավելի բարձր օղակներից։ «Հավանական է, որ Սկրիպալների դեմ հարձակումը կազմակերպել են Ռուսաստանի ղեկավարները, ասել է Թերեզա Մեյը՝ Մեծ Բրիտանիայի դաշնակիցներին կոչ անելով նոր պտժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արձագանքելով այդ հայտարարությունը, ասել է, թե ռուսական կողմը չի հասկանում՝ ինչ ազդանշան է դրանով ուղարկում Լոնդոնը։ «Սկոտլենդ Յարդում կարծում են, որ այս անունները կեղծ են, ես այդ մարդկանց չեմ ճանաչում, և մենք չենք հասկանում, թե ինչ ազդանշան են մեզ սրանով ուզում ուղարկել, դժվար է դա հասկանալը»,- այսօր ասել է Պուտինի օգնականը։ Գրեթե նույնը կրկնել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Էյմսբերիից ընդամենը 11 կիլոմետր հեռու Սոլսբերիում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորումից հետո Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի առանց այդ էլ լարված հարաբերությունները կտրուկ վատթարացան: Լոնդոնը համոզված է, որ Սկրիպալների թունավորումը Մոսկվան է կազմակերպել, ռուսները դա անհիմն մեղադրանք են համարում: