Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքով՝ իրենք նկատել են Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունները Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ:
«Ազատության» հարցին՝ արդյո՞ք նման հայտարարությունները միջամտություն չեն Հայաստանի ներքին գործերին, Ռիչարդ Միլզն այսպես պատասխանեց. - «Տեսել եմ այդ մեկնաբանությունները: Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին: Մեր դիրքորոշումը եղել է և մնում է այն, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ ու արդար հետաքննություն իրականացվի: Կարևոր է, որ այդ հետաքննությունն իրականացվի օրենքի գերակայության և հայաստանյան պատշաճ իրավական գործընթացների շրջանակում»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախորդ մոտ մեկ ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակավ անդրադարձավ հայաստանյան ներքին զարգացումներին:
Ռուսաստանի արտգործնախարարը հուլիսի 31-ին հայտարարեց, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։
«Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, մշտապես շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ, այդ իսկ պատճառով՝ այնտեղ կատարվող իրադարձությունները չեն կարող մեզ չմտահոգել», - ընդգծել է Լավրովը։
Իսկ երկու օր առաջ Արտաքին հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում՝ МГИМО-ում ունեցած ելույթում Սերգեյ Լավրովը հայտարարեց․ - «Իհարկե մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին: Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այսպես անդրադարձավ Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը, թե իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ. - «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»։
Միացյալ Նահանգների դեսպանն այսօր լրագրողների հետ հանդիպեց հայ-ամերիկյան գործարար համաժողովի ընթացքում՝ նվիրված ֆրենչայզինգին:
«Այսօր այստեղ ենք՝ նշանավորելու մի կարևոր զարգացում հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում: ԱՄՆ դեսպանության հովանու ներքո մեկօրյա համաժողով է անցկացվում, որի շրջանակում նույն հարկի տակ են ամերիկյան ֆրանշիզային ընկերությունները և հայկական ներդրողները: Սա նշանակում է, որ մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանում իրական հնարավորություններ կան ամերիկյան ու հայկական բիզնեսի համար՝ այստեղ միասին բարգավաճելու: Այս համաժողովը մեկտեղել է հայաստանյան կառավարական ու գործարար հանրության, ինչպես նաև ամերիկյան խոշոր ընկերությունների ավելի քան 50 ներկայացուցիչների, որպեսզի նրանք խոսեն ֆրանշիզային համատեղ գործունեության մասին: Քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Բիզնես ու ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել: Կառավարության մի վատ որոշում, վատ օրենք կարող է վախեցնել ներդրողներին: Այդ իսկ պատճառով հույս ունենք, որ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել այստեղ՝ բիզնեսի ու ներդրումների համար նախատեսված միջավայրը», - ասաց Միլզը։