Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հաստատել է, որ հունիսին Անգլիայում 44-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած նյութը նույն «Նովիչոկ»-ն է, որից մարտին թունավորվել էին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը։
Կազմակերպությունը երեկ հայտարարել է, որ իր թիմի կողմից հավաքված նմուշների լաբորատոր հետազոտությունները «հաստատում են Միացյալ Թագավորության եզրակացությունները թունավոր քիմիական նյութի պատկանելության հետ կապված»: Այնուամենայնիվ, հնարավոր չի եղել ճշտել՝ արդյոք նո՞ւյն խմբաքանակից են եղել մարտին և հունիսին օգտագործված նյարդապարալիտիկ նյութերը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, թե «նյարդապարալիտիկ նյութը Մեծ Բրիտանիա բերելու՝ ռուսական պետության անխոհեմությունը և հասարակության անվտանգության բացարձակ անտեսումը սարսափելի է և անպատասխանատու»:
Բրիտանիայի քաղաքացիներ 44-ամյա Դոն Սթարջեսը և 45-ամյա Չարլի Ռոուլին Էյմսբերի ավանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էին տեղափոխվել հունիսի 30-ին, երեք երեխաների մայր Սթարջեսը օրեր անց մահացել է, Ռոուլին ապաքինվել է: Վերջինս պատմել է, որ ինքն էր նվիրել իր ընկերուհուն օծանելիքը, որի մեջ, ինչպես հետագայում պարզվել է, նյարդապարալիտիկ նյութն է եղել։
Էյմսբերիից ընդամենը 11 կիլոմետր հեռու Սոլսբերիում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորումից հետո Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի առանց այդ էլ լարված հարաբերությունները կտրուկ վատթարացան: Լոնդոնը համոզված է, որ Սկրիպալների թունավորումը Մոսկվան է կազմակերպել, ռուսները դա անհիմն մեղադրանք են համարում: