«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը Ուկրաինայի դատարանին կոչ է արել չեղարկել որոշումը, որն իշխանություններին ընձեռում է ռադիոկայանի հետաքննող լրագրող Նատալյա Սեդլեցկայի բջջային հեռախոսի մոտ մեկուկես տարվա տվյալները ստուգելու իրավունք:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ դատարանի այդ որոշումը հակասում է Ուկրաինայի օրենքներին և Կիևի ստանձնած միջազգային պարտավորություններին:
Կիևի Պեչերսկի շրջանի դատարանն օգոստոսի 27-ին այդ վճիռը կայացրել է Հակակոռուպցիոն ազգային գործակալության տնօրեն Արտյոմ Սիտնիկի կողմից 2017 թվականին լրագրողներին պետական գաղտնիք փոխանցելու մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Նատալյա Սեդլեցկան «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունում վարում է կոռուպցիոն գործարքների բացահայտման թեմայով «Սխեմաներ» հաղորդաշարը, որի ընթացքում անդրադարձ է եղել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի գործողություններին:
«Դատարանի որոշումը հակասում է Ուկրաինայի օրենքներին, այն սարսափելի մթնոլորտ է ստեղծում լրագրողների համար և պետք է չեղարկվի», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի խոսնակ Ջոանա Լևինսոնը:
Ուկրաինայում ռադիոկայանի շահերը ներկայացնող փաստաբան Անատոլի Պոպովը քննադատել է դատարանի որոշումը և ասել է, որ այն վտանգի է ենթարկում լրագրողի մասնագիտական պարտքը կատարելու հնարավորությունը: