Մատչելիության հղումներ

Հայաստանը ներգրավվել է Բրիտանական խորհրդի Creative Spark ծրագրում


Creative Spark («Ստեղծարար միտք») խորագրով ծրագրի իրականացման շրջանակներում այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն և Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Ծրագիրն առաջարկվել է Բրիտանական խորհրդի կողմից: Հնգամյա ծրագիրը նպատակ ունի նպաստել ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացմանը մասնակից յոթ երկրներում, այդ թվում Հայաստանում:

Նախատեսված է ծրագրի մասնակից երկրների բուհերում ստեղծարար ձեռնարկատիրական կենտրոններ հիմնել և նպաստել նրանց միջև ստեղծարար համագործակցությանը: Այդ կենտրոնները կհամագործակցեն նաև Միացյալ Թագավորության համալսարանների հետ: Յուրաքանչյուր միջազգային համագործակցության համար երկու տարվա ընթացքում կտրամադրվի մինչև 50 հազար ֆունտ ստերլինգ:

Մինչև հուշագրի ստորագրումը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այս ծրագիրը շատ ավելի կայուն կարող է լինել, քանի որ ստեղծվելու է հենց բուհական համակարգի ներսում և կարող է կրթական համակարգի մաս դառնալ: Համալսարանները արդեն պատասխանատու են լինելու այդ կենտրոնների հետագա կայունացման և ծրագրերի իրականացման համար»:

Հարցին, թե ինչ է ենթադրում ծրագիրը, ինչ հնարավորություններ են տրվում մասնակիցներին, Սարիբեկյանը պատասախանեց․ - «Ծրագրի հիմնական գործողություններից մեկն այն է, որ Հայաստանի բուհերը պետք է Մեծ Բրիտանիայի բուհերի հետ համագործակցություն սկսեն, և իրենք պետք է ներկայացնեն առաջարկ: Բաց մրցույթի միջոցով ընտրվելու են այդ առաջարկները: Այսինքն, Մեծ Բրիտանիայի բուհը և Հայաստանի բուհը պետք է մշակեն ծրագիր, թե ինչպես են տեսնում ստեղծարար կենտրոնի բացումը և զարգացումը կոնկրետ տվյալ բուհում: Այդ կենտրոնները հետո կարող են աջակցություն ցույց տալ ոչ միայն բուհի ուսանողներին, այլ նաև ցանկություն արտահայտած երիտասարդ մասնագետներին»:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից առաջ ներկայացնելով «Ստեղծարար միտք» ծրագիրը` Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը նշեց․ - «Միացյալ Թագավորության նոր հնգամյա ծրագիրը իրականացվում է յոթ երկրում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Ուզբեկստանում և Ուկրաինայում: Ծրագրի նպատակն է՝ աջակցել ստեղծագործ ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը և առհասարակ ոլորտի զարգացմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի կողմից, որը, օգտվելով Միացյալ Թագավորության ձեռնարկատիրական, կրթական փորձից, համատեղ՝ տվյալ դեպքում Հայաստանի մասնագետների և հաստատությունների հետ կմշակի ուսումնական ծրագրեր, որոնք անմիջապես ունենան շահառուներ՝ յուրաքանչյուր երկրում ավելի քան 10 հազար ուսանող»:

Լրագրողների հետ ճեպազրույցում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց․ - «Մենք հստակ գիտակցում ենք, որ ունենք խնդիր արվեստը և մշակույթը տարածելու առումով, և սա հերթական նման նախաձեռնությունն է, որին անմիջապես արձագանքել ենք: Այն կենտրոնները, որոնք կստեղծվեն, այն վերապատրաստումները, որոնք կլինեն, այն հմտությունները, որոնք ձեռք կբերեն մասնակիցները, թույլ կտան լուծել իմ նշած խնդիրները: Շատ լավ է, որ ծրագիրը հինգ տարվա ընթացքում պետք է իրականացվի, ինչը նշանակում է, որ շատ ավելի շատ շահառուներ կներգրավվեն»:


Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հավելեց․ - «Հայաստանի Հանրապետությունը ունի ստեղծարար և ստեղծագործ մտքի մեծ պոտենցիալ, և դա է պատճառը, որ թե՛ Բրիտանական խորհուրդը, թե՛ Կրթության ու գիտության նախարարությունը և թե՛ Մշակույթի նախարարությունը որոշել են հատուկ կերպով ուշադրություն դարձնել հենց այս հանգամանքի վրա, և հանդես գալ նախաձեռնություններով, որոնք միտված են հենց այդ ոլորտի զարգացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG