Մատչելիության հղումներ

Առաջիկայում նախատեսված է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը․ Լավրով


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Առաջիկայում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին երկուշաբթի օրը Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում՝ МГИМО-ում առաջին կուրսեցիների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում երկրում իրադրության զարգացման հեռանկարները։ Մեզ, իհարկե, ամենևին միևնույն չէ, թե ինչպես է այս իրավիճակում Հայաստանը կատարում ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները, մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այդ պարտավորությունները ուժի մեջ են և պետք է լիարժեք իրականացվեն, այդ թվում` մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությունն ամրապնդելու առումով», - МГИМО-ում այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձություններից, սակայն տեղի ունեցող զարգացումները որակում է որպես երկրի ներքին գործ:

«Իհարկե մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին», - ասել է Լավրովը՝ հավելելով. - «Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն»:

Սա առաջին անգամը չէ, երբ Ռուսաստանի արտգործնախարարը Մոսկվայի մտահոգությունն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների առիթով։ Հուլիսի 31-ին Լավրովը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել, որում մասնավորապես ասել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Ռուսաստանի ԱԳ նախարարի այս հայտարարությանը նախորդել էին «Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը։ Քոչարյանը ազատության մեջ է այսօր, Խաչատուրովն էլ վերադարձել է Մոսկվա և շարունակում է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները։

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն զանգահարել էր Ռոբերտ Քոչարյանին և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ, այլ նաև այդ մասին հատուկ հաղորդագրություն էր տարածվել, այդ թվում՝ դաշնային Առաջին հեռուստաալիքի եթերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG