Սևանցի 6-ամյա Ամիրանն այսօր դժկամությամբ էր դպրոց եկել։ Ծնողներից բաժանվելիս հուզվել էր, լաց էր լինում։ Բայց նրան մխիթարողն այս անգամ ոչ թե ուսուցիչներն էին, այլ երկրի վարչապետը։
Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 դպրոցի «սեպտեմբերի 1-ն» այսօր նախորդներից առանձնացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անակնկալ այցով։ Մարզի ամենամեծ դպրոցն այս տարի 111 առաջին դասարանցի ունի, որոնք, վարչապետի բնորոշմամբ՝ «նոր Հայաստանի առաջին դասարանցիներն են»: Իր ողջույնի խոսքում Նիկոլ փաշինյանը, մասնավորապես, ասաց․
«Նոր Հայաստանում կարևորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը, այսինքն՝ ամեն աշակերտ, ամեն ծնող պետք է գնա ոչ թե գնահատականի հետևից, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունների, ընդունակությունների զարգացումը»:
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ունեցած իր ելույթում վարչապետ Փաշինյանը նաև հայտարարեց․ «Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն, որ երեխային ինչ-որ տվյալներ փոխանցեն, այլ պետք է երեխային պատրաստեն թռիչքի` բառի բուն իմաստով, որովհետև մենք բոլորս մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի, որովետև եկել են ժամանակներ, որ, այո, մենք պետք է կարողանանք թռչել: Մենք պետք է կարողանանք հասնել շատ բարձր նպատակների և արդյունքների»:
Նա հաջողություն մաղթեց առաջին դասարանցիներին` «թռիչքի պատրաստվելու առաջին օրվա կապակցությամբ» և ընդհանրապես հայ ժողորդին՝ «թռիչքի պատրաստվելու այս նոր ժամանակաշրջանում»:
«Իսկապես սա նոր Հայաստան, նոր իրավիճակ է, և ես բոլորիդ աչքերի մեջ տեսնում եմ այդ նորության, հավատի, ապագայի նկատմամբ վստահության զգացողությունը: Հավատացեք՝ ձեր աչքերից այդ զգացողությունը ոչ միայն չի պակասելու, այլև ամեն օրվա հետ ավելի ու ավելի հզորանալու է, որովհետև դուք մի ժողովուրդ եք, ով հաղթել է, ով այլևս սրանից հետո երբեք չի պարտվելու և միշտ լինելու է հաղթողի դերում»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առաջին դասարանցիների համար այսօր իր նստավայրի դռներն էր բացել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա Երևանի և մարզերի բազմաթիվ երեխաների համար նախագահական նստավայրում ընդունելություն էր կազմակերպել։ Նախագահը երեխաներին հրավիրեց «այսուհետ հանգստյան օրերին այցելել իր նստավայրի այգի»։ Սարգսյանն ասաց նաև, որ նպատակ ունեն՝ առաջիկայում այգին բացել բոլորի առաջ։
Անդրադառնալով կրթական համակարգի խնդիրներին՝ Արմեն Սարգսյանն ասաց՝ աշխարհում չկա այնպիսի համակարգ, որը կգոհացնի իրեն։ Նա կարևորեց երկրի դպրոցները համասեռ դարձնելու հարցը, այսինքն՝ նույնպիսի բարձր մակարդակ պետք է ապահովել թե՛ Երևանի, թե՛ սահմանամերձ գյուղերի դպրոցներում։
Կրթության և գիտության նախարարության նախնական տվյալներով, Հայաստանում այս տարի շուրջ 39000 երեխա է ընդունվել առաջին դասարան։