Մատչելիության հղումներ

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն աճել է


Հայաստանի տնտեսությունում արված օտարերկրյա ուղղակի ներդրումները նկատելիորեն աճել են: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում արված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը գրեթե 2,5 անգամ ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշի համեմատ:

2018 թ․ հուվար-հունիսին իրական հատվածում արված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 39 միլիարդ 196 միլիոն դրամ կամ 81,3 միլիոն դոլար: 2017 թ․ հունվար-հունիսին ներդրումները կազմել էին 15 միլիարդ 844 միլիոն դրամ կամ 32,6 միլիոն դոլար: Տնտեսագետ, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի կարծիքով, օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը վկայում է, որ գործարար հանրությունը ոչ միայն դրական է արձագանքել հայաստանյան հեղափոխությանը, այլև վստահում է նոր կառավարությանը:

«Այս թվերը նշանակում են, որ քաղաքական իրադարձությունների [բացասական] ազդեցությունը ներդրումների վրա էական չի եղել, ինչպես սովորաբար լինում է»,- «Ազատությանն» ասաց Վահագն Խաչատրյանը: Վերջինիս խոսքով, սակայն, կիսամյակի համար ներդրումների՝ 80 միլիոն դոլարը փոքր-ինչ գերազանցող ծավալը շատ քիչ է անգամ Հայաստանի տնտեսության համար: «Դա ոչինչ է, եթե անգամ տարեկան կտրվածքով դա կազմի 300 միլիոն դոլար: Մեր հարևաններից մեկի մոտ 1 միլիարդ 200 միլիոն դոլար են կազմել ներդրումները, մյուսի մոտ՝ 2,5 միլիարդ դոլար: Բայց հաշվի առնելով, որ մեզ մոտ միտումը բացասական չէ, կարող ենք ասել, որ գոնե դրական ինչ-որ բան ունենք»,- ասաց տնտեսագետը:

Նա հույս հայտնեց, որ այն բարեփոխումները, որ փորձում է կյանքի կոչել Հայաստանի նոր կառավարությունը, առաջիկայում կտան իրենց արդյունքը, և երկիրը կստանա ավելի լուրջ ծավալի ներդրումներ․ «Այդ փոփոխությունները, զուտ մասնագիտական, ոչ քաղաքական առումով, շատ գրավիչ են և ներդրողներին հետաքրքրող, բայց ներդրումները սիրում են կայունություն, գալիս են այնտեղ, որտեղ հարկերը ցածր են, որտեղ կան խելամիտ օրենքներ: Հույս ունենանք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունները գրավիչ կդարձնեն Հայաստանը ներդրողների համար»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից այսօր խոստացան ավելի ուշ արձագանքել Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG