Մատչելիության հղումներ

Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը


«Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս: Ես հայ եմ, և դուք գիտեք ինչ դժվարին ու ինչ հրաշալի բան է այն... Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն... Փնտրիր բարին ամենուրեք և, քանի ապրում ես, ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու վշտին... Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, լույս աշխարհ հանիր թաքստոցից: Թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից», - գրել է Վիլյամ Սարոյանը:

Օգոստոսի 31-ը Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է․ լրանում է աշխարհահռչակ գրողի ծննդյան 110-ամյա հոբելյանը:

1908 թվականին Ֆրեզնոյում հայ գաղթականների ընտանիքում ծնված Սարոյանը հոր մահից հետո երեք տարեկան հասակում քույրերի և եղբոր հետ հայտնվում է որբանոցում: Որոշ ժամանակ անց մայրը կարողանում է երեխաների համար ապրուստի փոքրիշատե հնարավորություն գտնել, և ընտանիքը կրկին միավորվում է, բայց ապրուստը ստիպված են լինում հոգալ նաև երեխաները:

Սարոյանը 7 տարեկանից արդեն սկսում է աշխատել՝ թերթեր է վաճառում, կանոնանավոր կրթություն չի ստանում և մինչև 25 տարեկանում Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում Սիրակ Գորյան ստորագրությամբ առաջին պատմվածքը հրատարակելը, աշխատում է որպես սեզոնային մշակ, սևագործ բանվոր, փոստատար, վաճառող և այլն:

Հռչակը գալիս է 1934 թվականին պատմվածքների առաջին իսկ ժողովածուի տպագրությունից հետո, որին հաջորդած այլ ժողովածուների համար ընդամենը 6 տարի անց Սարոյանին շնորհվում են ամերիկյան ամենահեղինակավոր գրական մրցանակները՝ Պուլիտցերյան մրցանակը և Նյու Յորքի գրաքննադատների մրցանակը:

Սարոյանի թողած գրական ժառանգությունը համամարդկային մեծագույն արժեքներից է, և պատահական չէ, որ հենց այս օրը նրա ծննդավայր Ֆրեզնոյում իր դռներն է բացելու Saroyan House-ը՝ մեծանուն գրողի տուն-թանգարանը: Այդտեղ գրողն ապրել է կյանքի վերջին 17 տարիներին:

Երկու տարի առաջ տունը ձեռք է բերել Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը՝ նպատակ ունենալով այն դարձնել սարոյանագիտության կենտրոն, սերունդների համար պահպանել ոչ միայն սարոյանական միջավայրը, այլև ձեռք բերել և ներկայացնել գրողին պատկանող իրերը, լուսանկարները, ձայնագրությունները:

Հիմնադրամը ստեղծել է գրողի ամենամեծ թվայնացված արխիվը: Զարմանալի է, բայց փաստորեն մինչև այժմ մեծանուն գրողը թանգարան չուներ, և Վիլյամ Սարոյանի այս նորաբաց տուն-թանգարանը, որը հագեցած է նորագույն տեխնիկական լուծումներով, միակն է աշխարհում:

Հիմնադրամի աշխատակից և Saroyan House նախագծի անմիջական մասնակից Վանիկ Չալոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Շատ անմխիթար վիճակում էր: Աշխատանքներ են տարվել, որպեսզի վերականգնվի, ու վերականգնվի ավելի շատ ինովացիոն ձևերով: Այնպես, որ մարդիկ փորձեն Սարոյանի հոլոգրաֆիկ նշանի միջոցով շփվել իր հետ և տեսնել Սարոյանին իր բնականոն, առօրյա կենսաձևի մեջ: որոշակի բաներ կարողացել ենք ձեռք բերել․ Սարոյանի մտերիմները, հարազատները, ընկերները, իրեն ճանաչողները ինչ-որ բանով փորձել են մեզ օգնել՝ սկսած իր լուսանկարներից, վերջացրած իր իրերով: Ֆրեզնոյի դահլիճում՝ State Hall-ում տեղի է ունենալու բացման հանդիսավոր արարողությունը, քանի որ տունը գտնվում է բնակելի թաղամասում, և այնտեղ արգելված են զանգվածային միջոցառումները: Այսօր Ֆրեզնոյի քաղաքապետարանը օգոստոսի 31-ը Ֆրեզնոյում հռչակել է սարոյանական օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG