Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանն ազատ կարձակվի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու անհրաժեշտ փաստաթղթերը. Եղոյան


Շանթ Հարությունյանը դատարանի դահլիճում՝ դատական նիստի ժամանակ, արխիվ
Շանթ Հարությունյանը դատարանի դահլիճում՝ դատական նիստի ժամանակ, արխիվ

Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել Շանթ Հարությունյանի հարցով և պարզել, որ Շանթ Հարությունյանի և խմբի ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է: Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

«Կայացվել է որոշում Շանթ Հարությունյանի, նրա գործով դատապարտված Վարդան Վարդանյանի և Լիպարիտ Պետրոսյանի պահման պայմանները փոխել կիսաբացից բաց ռեժիմի, այնպես, որ նրանք փաստացի լինեն ազատության մեջ, ինչից օգտվել են Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը: Շանթ Հարությունյանը հրաժարվել է նման որոշմամբ դուրս գալ բանտից՝ պահանջելով իրեն արդարացնել», - գրել է Եղոյանը:

Վարչապետի մամուլի քարտուղար նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո խնդրել է Շանթ Հարությունյանին հրավիրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակ և հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, պարզաբանելով, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ դատարաններին հրահանգ արձակել, որովհետև դա կլինի նախորդ իշխանության գործելակերպի շարունակություն, և Շանթ Հարությունյանին խնդրել է ստորագրել փաստաթղթերը և դուրս գալ բանտից, և ազատության պայմաններում պայքարել իր արդարացման համար:

«Վարչապետը նաև ընդունել է Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին և պարզաբանել, որ նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը մինչև օրս համարվում է դատապարտված (հանցավոր արարք թույլ տված) 2008 թվականի մարտի 1-ի գործով, շարունակում է պայքարել իր արդարացման համար, բայց նաև համոզված է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե քաղաքական հրահանգներով, այլ օրինականության խստիվ պահպանմամբ», - գրել է Եղոյանն ընդգծելով՝ Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

5 տարի առաջ «արժեքների հեղափոխության» դուրս եկած և խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պնդում է, թե նոր իշխանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այդ գործին:

Շահենն օրերս բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ «շատ կարճ ժամանակում կլուծվի իր հորն արժանապատվությամբ ազատ արձակելու խնդիրը»:

«Մինչև հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, հեղափոխական շարժման ընթացքում նույնպես հայտարարում էր, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է», - ասել է Շահենը՝ շարունակելով․ - «Սա առաջին նամակը չէ, բազմաթիվ նամակներ եմ հղել, բայց կրկին արձագանք չկա: Կարծում եմ, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ինչքա՞ն կարելի դիմել և ոչ մի տեսակի արձագանք, ոչ մի տեսակի պատասխան չստանալ: Սա հենց վիրավորանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG