Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այդ մասին Քոչարյանն ասել է «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում։

Հարցին, թե ի՞նչ ձևաչափով և ի՞նչ քաղաքական թիմով, Քոչարյանը պատասխանել է. - «Չեմ կարծում, որ հիմա ճիշտ չէ ձևաչափերի մասին խոսելը։ Հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը, և այն ընտրողների զանգվածը, որի մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ համար և այն թիմի համար, որ ձևավորվում է իմ շուրջը»։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանն ազատ արձակվեց։

Ազատ արձակումից հետո նա հայտարարեց ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG