Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Երևանի ավագանու ընտրությունը շատ կարևոր քննություն է մեզ համար


Օրենսդրական փոփոխությունների փաթեթը կառավարության նիստում այսօր ներկայացրեց Արդարադատության նախարարը։

Արդար ու թափանցիկ ընտրություններ ապահովելու համար գործադիրն առաջարկում է խստացնել ընտրակաշառքի համար նախատեսված պատիժը։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը կառավարության նիստում այսօր ներկայացրեց Արդարադատության նախարարը։ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ եթե գործող օրենքով նախընտրական քարոզչության ընթացքում բարեգործության անվան տակ ընտրողներին դրամ, սննդամթերք, ապրանքներ տալը, խոստանալը, կամ ծառայություններ մատուցելը պատժվում էր միայն տուգանքով, ապա այս փոփոխությամբ այն կդասվի քերական հանցագործությունների շարքում․ - «Վարչական հանցագործությունների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել Քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլ նաև որոշակի ժամկետով ազատազրկում»:

Օրենսդրական այս նախաձեռնությունը, սակայն, փոքրիկ բացառություն ունի։ Ընտրակաշառք չի դիտվի, եթե կուսակցությունն ու դաշինքը իր անվանմամբ կամ խորհրդանիշով, նաև թեկնածունի անվամբ ու պատկերով 3 հազար դրամ չգերազնացող ապրանքներ տա ընտրողներին։

Երբ նախարարը ներկայացրեց այս հատվածն ու ավարտեց, վարչապետն արձագանքեց, որ ձևակերպումը տարընթերցման տեղիք է տալիս։ Փաշինյանի խոսքով, պատմական փորձը հաշվի առնելով, 3 հազար դրամը բավարար է, որ ալյուրի պարկի կամ դիզվառելիքի տարրայի վրա կուսակցությունները փակցնեն իրենց թեկնածուի նկարն ու որպես կաշառք տան ընտրողներին․ - «Ասենք, տոպրակի մեջ դրած երկու կամ երեք կիլո լավաշը կամ երեք բանկա մուրաբան մտնում ա ձեր էս ձևակերպման տակ: Ստացվում ա, որ կարելի է դա բաժանել»:

Նախարարի պատասխանը․ - «Հարգելի պարոն վարչապետ, մինչև մենք քննարկենք՝ դրա ձևակերպումը արդյոք համապատասխանում է թե ոչ, նաև քրեական իրավունքի ոլորտի մասնագետների հետ, արդյո՞ք սա այն աստիճան ոչ որոշակի է, որ խնդիր կարող է առաջացնել: Եվ եթե անհրաժեշտություն լինի, այդ ձևակերպումը կհստակեցնենք»:

«Իմ կարծիքով, պետք է կոնկրետ նշվի՝ գրիչ, նախընտրական բուկլետ, գլխարկ, շապիկ և այլն, և այլն, որովհետև էս ձևակերպումը ես մի քանի անգամ կարդացել եմ և ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ, օրինակ, էդ նույն տրամաբանությամբ էդ նույն բաները արվեն: Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը, պարոն Զեյնալյան», - նշեց վարչապետ Փաշինյանը:

Նոր փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է խստացնել պատիժը նաև քվեարկության գաղտնիության խախտումների համար։ Նախարարի փոխանցմամբ, ըստ նախագծի, եթե ընտրողը շահադիտական նպատակով կամ տրված խոստման հիման վրա հրապարակում է քվեաթեթիկի բովանդակությունը, դա համարվում է ծանր հանցագործություն․ - «Սրանով մենք կկանխենք վերահսկողությունը քվեարկության արդյունքների նկատմամբ»:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց․ իսկ եթե ընտրողը հեռախոսով նկարում է իր քվեարկության արդյունքն ու այն տեղադրում համացանցում, սա չի՞ դժվարացնում ապացուցման գործընթացը։ Մինասյանը սեփական առաջարկությունն ունի․ - «Եթե մենք թողնենք միանգամից, որ որևէ ձևով հրապարակայնացնել իրեղեն ապացույցով, արդյոք այդ տեսակետից ավելի հստակ չի՞ դառնա»:

Արդարադատության նախարարը պարզաբանեց, թե քրեական պատասխանատվություն կառաջանա, եթե հիմքում շահադիտական նպատակներն են։

Հարցուպատասխանին միացավ նաեւ առաջին փոխվարաչպետ Արարատ Միրզոյանը՝ ասելով․ - «Խոսքը էստեղ հետևյալի մասին է․ եթե Դուք ինձ, օրինակ, հարկադրել եք կամ շահագրգռել եք որևէ ձևով՝ գումարային, սննդամթերքի կամ որևէ այլ ձևով, ծառայության խոստումի ձևով քվեարկել Ձեր նախընտրած թեկնածուի օգտին և պահանջել եք իբրև ապացույց բերեմ և Ձեզ ցույց տամ իմ քվեաթերթիկի լուսանկարը, այդ դեպքում արդեն, այս հոդվածը դրա մասին է, ես և Դուք, պարոն Մինասյան, մեզնից հեռու, կհայտնվեն ճաղերի հետևում»:

Քրեականացվում է ոչ միայն կաշառք տալը, այլև վերցնելը: Բայց օրենսդրական փաթեթը նաև հետդարձի ճանապարհ է թողնում․ եթե անձը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կամովին ներկայանա իրավապահներին և տեղեկացնի ընտրակաշառքի մասին, կազատվի քրեական պատասխանատվությունից:

Այս ու մյուս փոփոխությունները հաշվի առնելով՝ գործադիրի անդամները վստահ են, որ սրանք ազատ և արդար ընտրությունների անցկացման հիմքն են։ «Իսկ առջևում Երևանի ավագանու ընտրություններ են», - նկատեց վարչապետն ու ասաց․ - «Կարծում եմ, ոչ թե զգալիորեն առաջ ենք գնալու, այլ գնալու ենք մինչև էն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա: Այսինքն, պետք ա բացառենք նման երևույթները, և Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, այս առումով շատ կարևոր քննություն է մեզ համար, և պետք ա էդ քննությունը ստանանք գերազանց»:

Որոշումն ընդունվեց և ուղարկվեց Ազգային ժողով։ Խորհրդարանն այն հավանաբար կքննարկի սեպտեմբերի 6-ի արտահերթ նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG