Մատչելիության հղումներ

Յըլդըրըմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դարձյալ կապել է ԼՂ խնդրի լուծման հետ


Բինալի Յըլդըրըմը և Իլհամ Ալիևը Բաքվում, արխիվ
Բինալի Յըլդըրըմը և Իլհամ Ալիևը Բաքվում, արխիվ

Անցած հունիսին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին արտերկրյա այցով Բաքու մեկնած՝ թուրքական Մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը ադրբեջանական İctimai TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, օրակարգային մի շարք հարցերի թվում, անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին:

Թուրքական BirGün լրատվական գործակալության փոխանցմամբ, Յըլդըրըմն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախ և առաջ պետք է լուծվի հայ-ադրբեջանական հակամարտությունը: «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները չենք տարանջատում Հայաստան-Թուրքիա հարաբերություններից։ Այսինքն՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նախ պետք է լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրները։ Այդ պարագայում Թուրքիան էլ կկարգավորի հարաբերությունները, հակառակը քիչ հավանական է»,- ասել է Յըլդըրըմը:

Թուրքիայի խորհրդարանի նախագահը վերահաստատել է պաշոնական Անկարայի տեսակետը, հայտարարելով․ «Ադրբեջանական հողերն օկուպացված են Հայաստանի կողմից, և անհրաժեշտ է ապահովել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Նա ասել է նաև, թե ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և այլ կառույցները պետք է ավելի արդյունավետ աշխատեն հարցի լուծման ուղղությամբ:

«Իզուր է սպասելը, թե առանց այդ խնդիրների լուծման, հարաբերությունները կրկին կբարելավվեն։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շատ բարդ է։ ՄԱԿ-ը գնալով վերածվում է ազդեցություն չունեցող կառույցի։ Այն արդեն ի զորու չէ՝ լուծում տալ միջազգային խնդիրներին։ Պատճառը ՄԱԿ-ի կառուցվածքն է, որի միջոցով հնարավոր չէ համընդանուր խաղաղության հասնել։ Այդ մեխանիզմները անպայման պետք է վերանայվեն, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ խաղաղություն ապահովել տարածաշրջանում և ողջ աշխարհում»,- ասել է Յըլդըրըմը։

Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի դժգոհությունը հարուցած՝ ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու հարցին: Պաշտոնական Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է՝ դեմ է, որ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկիրը ռազմական գործարքի մեջ մտնի Ռուսաստանի հետ:

Յըլդըրըմն ընդգծել է, որ այդ համակարգերը երբևէ չեն կարող վտանգ ներկայացնել ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների համար: «Թուրքիան պարտավոր է պաշտպանել իր սահմանների, ժողովրդի անվտանգությունը: Դրա համար ազդեցիկ պաշտպանական համակարգի կարիք ունենք: Իբրև ՆԱՏՕ-ի անդամ երկիր, փորձեցինք այն ձեռք բերել դաշնակից մյուս երկրներից՝ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, սակայն չհաջողվեց: Չէինք կարող Թուրքիան անպաշտպան թողնել և համապատասխան քայլեր ձեռնարկեցինք»,- պարզաբանել է թուրքական Մեջլիսի նախագահը՝ շեշտելով, որ Թուրքիան ինքնիշխան պետություն է և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG