Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Այս ընթացքում նման հանդիպում ունենալը միշտ էլ իմ օրակարգում եղել է, ուղղակի ես ցանկացել եմ, որ հանդիպենք մի պայմաններում, երբ շատ կոնկրետ արդյունքներ կունենանք Մարտի 1-ի գործի բացահայտման առումով», - նշել է վարչապետը: - «Բնականաբար, ես նախաքննության ողջ ընթացքին և ծավալներին տեղյակ չեմ և կարող եմ հետևություններ անել այն հայտարարություններից, որ հնչեցրել է Հատուկ քննչական ծառայության պետը և այն մեկնաբանություններից, որ ընդհանրապես այդ կապակցությամբ հնչում են: Եվ կարծում եմ՝ այդ հայտարարությունները հույս են տալիս, որ մենք ամբողջական, բոլոր մանրամասներով բացահայտումներ կունենանք: Ավելորդ է ասել, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը մեր կառավարության համար, ինձ համար և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատվի և քաղաքացիական արժանապատվության խնդիր է, և որևէ կասկած չկա, որ Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ՝ անկախ այդ ոճրագործների անուն-ազգանուններից, ներկայում կամ անցյալում զբաղեցրած պաշտոններից և ունեցած կարգավիճակից»:
Մարտի 1-ի զոհերի հարազատները համոզմունք են հայտնել, որ թավշյա հեղափոխությունը և երկրում տեղի ունեցող փոփոխությունները հնարավորություն կտան լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը և կառուցել նոր Հայաստան: