Մատչելիության հղումներ

Գերմանական Վիսբադենում Էրդողանի արձանի կանգնեցումը հակասական արձագանքներ է հարուցել


Էրդողանի արձանը Վիսբադենում, 28-ը օգոստոսի, 2018 թ․
Էրդողանի արձանը Վիսբադենում, 28-ը օգոստոսի, 2018 թ․

Գերմանիայի Վիսբադեն քաղաքում «Վատ լուր» խորագրի ներքո անցկացվող արվեստի բիենալեի շրջանակներում քաղաքի կենտրոնում կանգնեցվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի արձանը: Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով գերմանական մամուլը, հաղորդում են, որ Գերմանական միության հրապարակում կանգնեցված այդ 4 մետրանոց ոսկեգույն արձանի ներքևի մասում «Ազատ մամուլ» գրությամբ ցուցանակ և մոմ է տեղադրված եղել:

Էրդողանի արձանն անմիջապես գրավել է մարդկանց ուշադրությունը, որոնք լուսանկարներ և տեսագրություններ են արել ու տարածել սոցիալական ցանցերում: Քաղաքացիների շրջանում այդ անսովոր արձանը քննարկումների առարկա է դարձել՝ հարուցելով ոչ միանշանակ արձագանքներ: «Իհարկե, մենք կարող ենք Էրդողանին դիտարկել իբրև հակասական կերպար: Այս երկրում մենք կարող ենք ազատորեն քննարկել այդ կերպարը: Ցավալի է, որ այլ երկրներում դա չի թույլատրվում, բայց այստեղ մենք կարող ենք քննարկում ունենալ այս արձանի ու այս մարդու շուրջ»,- «Ռոյթերզ» գործակալությանն ասել է Բիենալեի տնօրեն Էրիկ Լաուֆենբերգը:

Տեղի գերմանացիներից մեկն արձանը «սադրանք» է որակել, նշելով, որ այն արվեստի գործ չի համարում, և որ արձանը կարող է վնասել թուրք-գերմանական լավ հարաբերությունները: Էրդողանին սատարող գերմանաբնակ թուրքերը, մինչդեռ, ուրախությամբ են արձագանքել Էրդողանի արձանի կանգնեցմանը: «Ես Թուրքիայից եմ, և նա իմ նախագահն է: Հաճելի է տեսնել իմ նախագահի արձանը»,- ասել է ազգությամբ թուրք մի քաղաքացի:

Վիսբադենում օգոստոսի 27-ին մեկնարկած բիենալեն կշարունակվի մինչև սեպտեմբերի 2-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG