Մատչելիության հղումներ

Ամեն ինչ անելու ենք՝ էժան գազ ունենալու համար․ նախարար


Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյան, 29-ը օգոստոսի, 2018 թ․
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյան, 29-ը օգոստոսի, 2018 թ․

Նոյեմբերին մեկնարկելու են հայ-ռուսական բանակցությունները՝ գազի ձեռքբերման նոր պայմանագրի շուրջ, և դրանց ընթացքում Հայաստանը փորձելու է իջեցնել սակագինը: Ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Մենք անելու ենք ամեն ինչ՝ որպեսզի ունենանք գազի ավելի ցածր գին, քան այսօր ունենք: Մենք դա չենք համարում վերջնական, քարացած ինչ-որ որոշում, և Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գազի ավելի էժան տարբերակ ունենանք»,- ասաց Գրիգորյանը:

Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ գործող պայմանագրի ժամեկտն ավարտվում է այս տարեվերջին: Հիշեցնենք՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի ներքին շուկայում բնական գազի միակ մատակարարն ու իրացնողը, ռուսական «Գազպրոմից» սահմանի վրա գազը գնում է 1 խմ-ի դիմաց 150 դոլարով, սակայն, հայաստանյան սպառողին այն հասնում է գրեթե կրկնակի թանկացած: Ավելին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ինքը հանդիսանում է «Գազպրոմի» 100-տոկոսանոց դուստր ընկերությունը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր նշեց, որ բանակցություններ են ընթանում նաև իրանական կողմի հետ: Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Գրիգորյանը վերջինիս հայտնել է այդ երկրից գազ գնելու՝ Հայաստանի պատրաստակամության մասին: «Ինձ թվում է՝ շուտով մենք կունենանք նաև իրանական կողմի վերջնական հայտարարված գինը, որն, իհարկե, համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,- ընդգծեց նախարարը:

Նա անդրադարձավ նաև Սևանից ջրառի հարցին: ԱԺ-ն այսօր ընդունեց «Սևանի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը, համաձայն որի, լճից հավելյալ 40 մլն խմ ջրառ է իրականացվելու: Դրա արդյունքում «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի կասկադից լրացուցիչ 600-700 մլն դրամ կուղղվի բյուջե: Ըստ նախարարի՝ ծախսված չէ նաև նախկին ջրառից գոյացած գումարը․ «Անցած տարի 100 միլիոն խմ հավելյալ ջրառ է իրականացվել, առաջացել էր շուրջ 1 միլիարդ 645 միլիոն դրամ գումար, որն առ այսօր ծախսված չէ: Դա կսահմանվի կառավարության համապատասխան որոշմամբ, և ես համոզված եմ, որ այդ գումարներն ուղղվելու են միայն Սևանի հիմնախնդիրներին և ոռոգման համակարգի արդիականացմանը»:

Արթուր Գրիգորյանն այսօր հայտարարեց նաև, որ Հայաստանում գործող 27 մետաղական հանքերում ստուգումներ են իրականացրել ու դրանցից 10-ում խախտումներ գտել: Առկա թերությունները վերացնելու և պետության առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար հանքերը շահագործող ընկերություններին 90 օր ժամանակ է տրվել: Հակառակ դեպքում, նախարարի հավաստիացմամբ, այդ ընկերությունները կզրկվեն լիցենզիայից: Արթուր Գիրոգյանը չնշեց ընկերությունների անունները, չմանրամասնեց նաև, թե ինչ թերացումների մասին է խոսքը: Միայն ընդգծեց որոշ հանքարդյունաբերողների կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հանգամանքը:

Հայաստանի արդեն 7 ամիս չգործող խոշոր մետաղական հանքերից մեկի՝ Թեղուտի շուրջ ստեղծված իրավիճակն, ըստ նախարարի, ցավալի է կառավարության համար: Կառավարության ներկայացուցիչների պնդմամբ, այդ ընկերությունը լուրջ տեխնիկական խնդիրներ ունի՝ կապված ընդամենը երեք տարի շահագործված պոչամբարի հետ, և հանքի հետագա աշխատանքը վթարի մեծ ռիսկ է պարունակում։

Օրերս էլ, հիշեցնենք, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա»-ում իրականացված ստուգման արդյունքներով բնապահպանության նախարարությանն առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել 2016 թ․ ապրիլին հաստատված փորձաքննական եզրակացությունը և «Լիդիան Արմենիա»-ին հանձնարարել՝ ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց՝ մինչև նոր փորձաքննության իրականացումը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն այսօր հայտարարեց՝ կառավարության տեսակետն է՝ չխոչընդոտել ներդրողների գործունեությունը Հայաստանում, բայց նաև չանտեսել բնապահպանական խնդիրները: Ըստ Արթուր Գրիգորյանի, Ամուլսարի շահագործման համար առաջիկայում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն կնշանակվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG