Մատչելիության հղումներ

Արման Մկրտումյանը հրազենային վնասվածք է ստացել


Երեկ երեկոյան Ձորաղբյուրում հարձակման ենթարկված Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին կենտրոնից։

Նա ստացել է հրազենային վնասվածք, վերքերը մշակվել են։ Մկրտումյանը հրաժարվել է հոսպիտալացումից։

Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց, որ երեկ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։

«Տանտերերի ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը, ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի։ Դեպքի պահին տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) կետերով, Քեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մասով։ Մեկ անձ ձերբակալվել է։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 20 պարկուճ, մեկ ինքնաձիգ՝ լիցքավորված փամփուշտներով։ Նախնական տվյալներով՝ նշված ինքնաձիգը եղել է վնասազերծված ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտ», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն նշում է, որ առգրավվել են տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG