Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Մկրտումյանի նկատմամբ ավազակային հարձակման դեպքով. ՔԿ


Արման Մկրտումյան, արխիվ
Արման Մկրտումյան, արխիվ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք են մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։

«Տանտերերի ցուցաբերած դիմադրության արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը, ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակելով, դիմել են փախուստի։ Դեպքի պահին տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեկ անձ ձերբակալվել է», - ասված է հաղորդագրությունում։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 20 պարկուճ, մեկ ինքնաձիգ՝ լիցքավորված փամփուշտներով։ Նախնական տվյալներով՝ նշված ինքնաձիգը եղել է վնասազերծված ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտ։

Կոմիտեն նշում է, որ առգրավվել են տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։

«Մշակվել է քննչական պլան, և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված առերևույթ ավազակային հարձակմանը մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ», - ասված է հաղորդագրությունում։

Արման Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց 2018-ի հունիսի 5-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG