Այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ու Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, հանդիպման նախաձեռնության առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով:
Խորհրդարանի ղեկավարը հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների և քննարկումների մթնոլորտում:
Արմեն Սարգսյանը՝ կարևորելով Սահմանադրության գերակայության հրամայականը, վերահաստատել է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ, ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները:
Օրեր առաջ Ազգային ժողովի նախագահը մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և խստորեն քննադատել վարչապետին։ Արա Բաբլոյանը վարչապետի խոսքում նշմարել էր ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ։
Բաբլոյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով հանդիպումներ է նախատեսում Հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի և միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ։
Երեկ կայացել է Ազգային ժողովի նախագահի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։