Մատչելիության հղումներ

Սևանա լճից 40 մլն խմ հավելյալ ջրառ նախատեսող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Ազգային ժողովը ձայների 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, համաձայն որի օրենքում ամրագրված 170 մլն խմ ջրառից բացի նախատեսվում է ևս 40 մլն խմ հավելյալ ջրառ իրականացնել:

Չնայած կառավարության բերած նախագծի հասցեին հնչեցրած քննադատությանը, թե՛ Ծառուկյան, թե՛ ՀՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին նախագծին:

ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը քվեարկությունից առաջ հայտարարեց՝ ընդդիմություն լինելը լավ բան է, բայց պետական գաղափարախոսությունն ավելի կարևոր է․ - «Այո՛, Սևանը մեր աչքի լույսն է, Սևանը մեր ազգային հարստությունն է, բայց վատի ու վատթարագույնի մեջ ընտրելով մենք պետք է ընտրենք վատը: Մենք պետք է ջուր բաց թողնենք, որպեսզի մեր գյուղացիական տնտեսությունները չջրազրկվեն»:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը ներկայացրեց հավելյալ ջրառի հիմնավորումներ, նշելով, թե տարին չորային է, ոռոգման ցանցում կան հսկայական կորուստներ, 55 հազարից ավելի գյուղացիական տնտեսություն էլ ոռոգման ջրի խնդիր ունի․ - «40 միլիոնը հիմնավորված թիվ է։ Ամբողջ գյուղատնտեսական տարվա ընթացքում մշակված արդյունքը ստանալու հնարավորությունը: Պետք է սրան գումարեմ նաև Երևանի տարածքը, քանի որ Երևանի բոլոր ոռոգվող տարածքները՝ կանաչապատված և նաև հողատարածքները, նույնպես ոռոգվում են Սևանից եկող ջրի հաշվին»:

Գաբայանը նաև նշեց, որ ավելի վաղ որոշված 80 մլն խմ-ի փոխարեն 40 մլն ջրառի նախագիծ են բերել:

«Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը հայտարարեց՝ անկախ ջրառի քանակից, կառավարության ներկայացրած փաստարկները համոզիչ չեն․ - «Դուք պետք է ապացուցեք այդ ջրի անհրաժեշտությունը և համադրելիությունը գործող իրավիճակում, երբ որ Սևանում SOS է և փրկության խնդիր ունենք, Դուք բերել եք 40 միլիոն խմ լրացուցիչ ջրառ և որևէ կերպ չեք հիմնավորում թվերով»:

«Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը ներկայացրեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը՝ բացատրելով, թե ինչու են դրական եզրակացություն տվել․ - «15 տարի շարունակ ամեն տարի արարատյան արտեզյան ավազանից ջրառը նորման գերազանցել է 660 միլիոն խորանարդ մետր: Պատճառ երկրորդ՝ կան ահռելի կորուստներ: Այսպիսով ոչ ճիշտ, անխնա, անպատասխանատու կառավարումը, ջրային ռեսուրսի գողությունը ու կոռուպցիան հանգեցրել է այսպիսի իրավիճակի, որ մենք ստիպված փաստի առաջ ենք կանգնել և պետք է ինչ֊որ լուծում տանք»:

Բնապահպանության նախարարությունը, ի դեպ, բացասական եզրակացություն է տվել նախագծին:

Հանրապետական խմբակցությունից Հայկ Բաբուխանյանը հետաքրքրվեց՝ ո՞ւր են գնում ջրային ռեսուրսները Հայաստանում, արդյո՞ք երկրում ջրային մաֆիա կա: Ոլորտը ղեկավարող պետական մարմնի նախագահի պատասխանը դրական էր․ - «Եթե կոչում ենք ջրի մաֆիա՝ ես կարծում եմ գոյություն ունի, բայց մենք պետք է բացահայտենք ովքեր են, ով է այդ մաֆիան»:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի վաղը, իսկ այսօր, Աժ քննարկմանը զուգահեռ, խորհրդարանի շենքի առջև ցույց էին անում բնապահպանները, պահանջելով հավանություն չտալ Սևանից հավելյալ ջրառին: «Հայաստանի անտառներ» հկ նախագահ Նազելի Վարդանյանն ասում է՝ դա ոչ միայն Սևանի էկոհամակարգին կնվասի, այլև հակաօրինական է․ - «Սևանա լճի մասին օրենքում ասվում է, որ հաշվեկշիռը պետք է դրական լինի, և այս պայմաններում, երբ որ անցյալ տարվա դեկտեմբերի ամսից մինչև օրս բացասական հաշվեկշիռ ունենք, դա օրենքի կոպիտ խախտում է, դա նույնիսկ հանցագործություն է՝ Ազգային ժողովում օրենք ընդունել և լրացուցիչ ջրբացթողման թույլտվություն տալ»:

Սևանի մասին օրենքի համաձայն՝ ջրի հաշվեկշիռը միշտ պետք է դրական լինի, այսինքն՝ յուրաքանչյուր տարի, նախորդի համեմատ, ջրի մակարդակը պետք է բարձրանա: Մինչդեռ 2017-ի դեկտեմբերից ջրի հաշվեկշիռը լճում բացասական է, իսկ հավելյալ 40 մլն խմ ջրառի դեպքում, ըստ մասնագետների, ջրի մակարդակը մոտավորապես 3 սմ-ով էլ կնվազի:

Բնապահպանները պահանջում են Սևանից ջրառի փոխարեն նվազեցնել համակարգում կորուստները: 450 կմ երկարություն ունեցող մայր ջրանցքներում ջրի կորուստը 27.5 տոկոս է, իսկ մոտ 15 հզ կմ ձգվող ներտնտեսային ցանցերում՝ 43 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG