Ռուսաստանը պատասխանելու է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին՝ հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա: Այս մասին սլովակյան «Պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ վերջնագրի լեզվով խոսելը հեռանկար չունի: Լավրովը հերթական անգամ ընդգծել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա ազդում են Միացյալ Նահանգների ներքաղաքական գործընթացները։ «Վաշինգտոնում որոշ ուժեր փորձում են տապալել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը միտված ցանկացած դրական քայլ»,- ասել է Լավրովը, շարունակելով, թե պատահական չի համարում, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Վաշինգտոնում սկսեցին խոսել հուլիսին Հելսինկիում կայացած՝ Թրամփ-Պուտին գագաթնաժողովից անմիջապես հետո։
Օգոստոսի 8-ին, հիշեցնենք, Վաշինգտոնը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որն այս անգամ կապված էր Սկրիպալների թունավորման գործի հետ: «Մեզ սպառնում են, թե կուժեղացնեն ճնշումը, եթե մենք չհամոզենք Միացյալ Նահանգերին, որ այլևս չենք օգտագործում քիմիական և կենսաբանական զենք: Նման պահանջները մենք չենք կարող լուրջ ընդունել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նրա պնդմամբ՝ այդ պահանջները «աբսուրդային են», քանի որ Ռուսաստանն ամբողջությամբ ոչնչացրել է իր տնօրինած քիմիական զենքը, և այդ փաստը հաստատվել է Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության կողմից:
Մոսկվան, այդուհանդերձ, պարբերաբար հերքելով իրեն ուղղված մեղադրանքները (այդ թվում՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու հետ կապված)՝ դարձյալ հայտարարում է Վաշինգտոնի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին:
Իր հարցազրույցում Լավրովն անդրադարձել է նաև ռուսաստանցի գործարար Եվգենի Պրիգոժինի անվանն առնչվող սկանդալին: Արևմուտքը նրան մեղադրում է «ֆեյքերի և հաքերների» կենտրոն ստեղծելու, դրա միջոցով ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձ կատարելու մեջ։ Պուտինի մտերիմը համարվող Պրիգոժինը ևս ամերիկյան պատժամիջոցների թիրախում է: Ավելի վաղ ՌԴ նախագահն ասել էր, թե ծիծաղելի է, երբ ռեստորանի ինչ-որ սեփականատիրոջ մեղադրում են ընտրություններին միջամտելու մեջ: «Պրավդայի» հետ հարցազրույցում Լավրովը ևս նման պնդում է արել, հավելելով՝ եթե նույնիսկ ինչ-որ մասնավոր անձիք ինչ-որ գործողություններ են անում, դա ամենևին էլ չի նշանակում, թե այդ գործողություններն անում է Ռուսաստան պետությունը։
Նախօրեին ուժի մեջ են մտել բրիտանական Սոլսբերիի գործի հետ կապված ամերիկյան նոր պատժամիջոցները։ Դրանք կկիրառվեն երկու փուլով: Առաջին փուլի սահմանափակումները Ռուսաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն չեն ունանա, քանի որ դրանք, ըստ էության, արդեն իսկ գործող պատժամիջոցների կրկնությունն են: Սահմանափակումների երկրորդ փուլն ուժի մեջ է մտնելու երեք ամսից: Դրանք արդեն բավականաչափ լուրջ են և, փորձագետների գնահատմամբ՝ խիստ բացասաբար կազդեն ռուսաստանյան տնտեսության վրա: Մասնավորապես, արգելվելու է համագործակցությունը ռուսական խոշոր բանկերի հետ, արգելվելու են նաև ռուսական «Աէրոֆլոտի» ինքնաթիռների թռիչքները Միացյալ Նահանգներ։
Բացի այս, սեպտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է նաև Մոսկվայի հանդեպ պատժամիջոցների փաթեթի նոր նախագիծ, որով նախատեսված է արգելել ներդրումները երկարաժամկետ պետական պարտատոմսերում։ Երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրմելում կուսումնասիրեն ամերիկյան նոր պատժամիոջցներն ու կորոշեն՝ ինչպես պատասխանել դրանց: