Մատչելիության հղումներ

Ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու հնարավորություն չունեն. Մարուքյան


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հակահեղափոխության վտանգ չի տեսնում։

Մարուքյան Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ ո՛չ Հանրապետականը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու հնարավորություն չունեն, հետևաբար նաև հակահեղափոխության վտանգ չկա։

«Հեղափոխությունը եղել է Հանրապետականի ստեղծած ռեժիմի դեմ, և այսօր չկա այդ համակարգն իշխանության մեջ, հետևաբար հակահեղափոխության պետք է դիմեն հանրապետականները, տրամաբանությունը սա է՝ պետք է իրենք անեն, կամ ասենք՝ Ռոբերտ Քոչարյանը նրանց հետ։ Ունե՞ն նրանք շանս դա անելու, բնականաբար՝ ո՛չ», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով. - «Ես կարծում եմ, որ հակահեղափոխության օջախ այսօր Հայաստանում չկա։ Ոչ Հանրապետական կուսակցությունը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը չունեն հնարավորություն վերադառնալու։ Այդ հնարավորությունը ես չեմ տեսնում, հետևաբար նաև վտանգը չեմ տեսնում հակահեղափոխության»։

Մարուքյանն ընդգծեց՝ հեղափոխության արդյունքները պետք է շուտ կապիտալիզացնել։

«Ունենալ նոր խորհրդարան, որտեղ արդեն իրերն իրենց անուններով կկոչվեն, օրինակ, կլինի նորմալ իշխանական ֆրակցիա, այսինքն՝ կառավարող մեծամասնություն, և կլինի ընդդիմադիր ֆրակցիա և ընդդիմադիր ուժ։ Այսօր այս խորհրդարանում, ինչպես տեսնում եք, չկա ընդդիմադիր ուժ, ինչո՞ւ որովհետև ընդդիմադիր ուժը պետք է լինի Հանրապետականը, իսկ ընդդիմադիր ուժը, ժողովրդի վստահությունը վայելող ուժ է, իսկ Հանրապետականը ժողովրդի վստահությունը վայելո՞ղ ուժ է, թե՞՝ ոչ, դա կարող ենք իմանալ միայն ընտրությունների միջոցով՝ մինչև չլինեն ընտրություններ, մենք այս անորոշ վիճակից չենք ազատվելու», - ասաց Մարուքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG