Մատչելիության հղումներ

Արա Բաբլոյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ


Օգոստոսի 27-ին կայացել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

«Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են.

  • Անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի և տարբերվող կարծիքի ազատության իրավունք։
  • Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարևորագույն երաշխիք է, հետևաբար օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի։
  • Արադարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության և համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով և միևնույն ժամանակ որևէ կերպ չվնասի արդարադատությանը:
  • ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրի համաձայն «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»:
  • Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որևէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե՛ խորհրդարանում և թե՛ հանրային լայն շրջանակներում»:

Օրեր առաջ Ազգային ժողովի նախագահը խորը մտահոգություն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և խստորեն քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG