Մատչելիության հղումներ

Քաղաքացիների ահազանգերի հետքերով Փաշինյանն այցելել է գյուղմթերքի շուկա


Դրսում օգոստոսն է, բերքահավաքի ամենաակտիվ շրջանն է, բայց գյուղմթերքի գներն այս տարի սովորականից թանկ են։

Քաղաքացիների այս դժգոհությունը հասել է նաև վարչապետի ականջին: Ահազանգերը ստուգելու նպատակով Նիկոլ Փաշինյանն այսօր պատահականության սկզբունքով այցելեց «Գումի շուկա»։

Վարչապետը հերթով անցավ տաղավարների կողքով, զրուցեց գյուղացիների հետ ու հենց առաջին ձեռքից հետաքրքրվեց, թե ինչ արժե մեկ կիլոգրամ լոլիկը, սմբուկը կամ պղպեղը։

Հիմնականում բանջարեղենի բարձր գները զարմացրեցին գործադիրի ղեկավարին։ Փաշինյանը հետարքրքրվեց, թե ինչն է պատճառը։ Վաճառականներն էլ թե՝ ոռոգման ջուր չկա, բերքը դաշտում չորանում է, եղածի գինն էլ բարձրանում է։

«Ավելի մատչելի վաճառել չենք կարող», - պնդում են առևտրականներն ու հավելում, թե եղանակային պայմաններն այս տարի այլընտրանք չեն թողել։

Շրջայցից հետո պատասխանելով «Ազատության» հարցին՝ վարչապետն ասաց, որ գյուղմթերքն իսկապես թանկ է և գները տարօրինակ բարձր են։ Նրա համար զարմանալի էր նաև, որ այս սեզոնին շուկայում ջերմոցում աճեցված լոլիկ է վաճառում։

Հարցին, թե ինչպես կարելի է զսպել բարձր գները՝ Փաշինյանն արձագանքեց․ - «Գնագոյացման վրա ազդելու խնդիր, իհարկե, չի դրված, բայց քաղաքականության միջոցով երկարաժամկետ առումով պետք է փորձել ազդել: Հիմա, օրինակ, շուկայում արձանագրվում է, և պաշտոնական տվյալներն են դա ցույց տալիս, որ խնձորը շատ կայուն վարքագիծ ա ցուցաբերում շուկայում»:

Որպես բարձր գների արդարացում առևտրականները նշում էին ոռոգման ջրի պակասը։ Փաշինյանն ընդունեց, որ նման խնդիր կա, բայց հավելեց, որ պատասխանատուները պետք է հասկանան՝ արդյո՞ք այդ խնդիրը կապված է ջրի պակասի, թե՞ ոմանց կողմից ջրային ռեսուրսների չարաշահման հետ։

Վարչապետը շարունակեց․ - «Ես պնդում չեմ անում: Ես ասում եմ, որ էդպիսի հարցեր կան»:

Շուկայից ուղիղ Կենտրոնական բանկ: Վարչապետը գնաճի թեման քննարկելու է նաև գլխավոր դրամատան նախագահի հետ:

Ինչ վերաբերում է թվերին, ապա օգոստոսին արձանագրված գնաճի հստակ պատկերը կլինի արդեն աշնան սկզբին, երբ Ազգային վիճակագրական կոմիտեն կամփոփի սպառողական գների ինդեքսը։ Առայժմ կոմիտեն հրապարակել է միայն նախորդ ամսվա տվյալներն ու ըստ այդմ՝ այս հուլիսի, 2017-ի հուլիսի համեմատ, օրինակ, վարունգը թանկացել է 8,5 տոկոսով, պղպեղը՝ 20,3 տոկոսով, սմբուկը՝ 2,2 տոկոսով, իսկ լոլիկը 7.1 տոկոսով ավելի էժան է վաճառվել, քան նախորդ տարի։

Գյուղատնտեսության նախարարը նշում է, որ աճը սեզոնային է ու մի քանի պատճառ ունի։ Արթուր Խաչատրյանի կարծիքով, խնդիրը ավելի շատ օդի բարձր ջերմաստիճանն էր, քան ոռոգման ջուրը․ - «Ջուրը նույն խնիդրն է, ինչ որ անցյալ տարի էր, նույնիսկ կարող եմ ասել, մի քիչ ավելի բարվոք վիճակում է: Ջերմային ֆոնն է ավելի բարձր եղել»:

«Սա չի նշանակում, թե ջուրը բավարար է, բողոքներ լսվում են ամեն տեղից՝ անկախ մարզից», - նշում է նախարարը։

Խաչատրյանի փոխանցմամբ, այս պահին խնդիրը լուրջ է հատկապես Արարատյան դաշտում, բայց աշխատում են, որ ամեն ինչ հարթ անցնի։

Վերադառնալով գների թեմային՝ նախարարը նաև նկատեց, որ թանկացումն ավելի ակնառու է մանրածախ շուկայում, որտեղ իրենք վերահսկողության մեխանիզմներ չունեն․ - «Հիմնական ուղենիշային շուկայի համար, որը մենք ենք դիտարկում Հովտաշատի, կամ ժողովրդի մեջ հայտնի Մեյմանդարի մեծածախ շուկայի մասին է, այստեղ տատանումներ ա: Իհարկե, որոշակի բարձրացում կար, բայց այդքան մեծ չէ, ինչ որ քաղաքում: Այսինքն, մանրածախ շուկայում որոշակի խնդիրներ ունենք»:

Նշեմ, որ օրվա երկրորդ կեսին վարչապետը այցելեց նաև 3-րդ մասում գտնվող գյումթերք վաճառող կրպակները։ Շրջայցի ընթացքում գործադիրի ղեկավարը պարզեց, որ, ի տարբերություն «գումի շուկայի», քաղաքի ծայրամասում բանջարեղենի գներն էականորեն ցածր են, չնայած, ըստ Փաշինյանի՝ դրանք էժան չես համարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG