Մատչելիության հղումներ

Ի պատիվ Գերմանիայի կանցլերի՝ պաշտոնական ընթիք է տրվել. Մերկելը Փաշինյանին Գերմանիա է հրավիրել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք, 24-ը օգոստոսի, 2018թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք, 24-ը օգոստոսի, 2018թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի ն կանցլեր Անգելա Մերկելի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ արարողակարգի համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

Ընդգծելով փաստը, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերը պատմության մեջ առաջին անգամ այցելում է Հայաստանի Հանրապետություն, Փաշինյանը պատմական է որակել Անգելա Մերկելի այցը։

«Համոզված եմ, որ հետևողականորեն և սկզբունքորեն մեր բոլոր պայմանավորվածությունները կետ առ կետ իրականություն կդարձնենք, ինչը կնշանակի նոր էջ մեր երկրների հարաբերությունների համար: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջպետական հարաբերություններն այս այցի արդյունքներով հնարավորություն ունեն ամրապնդվել մարդկային հարաբերություններով, որովհետև տիկին կանցլերն իր փորձով և մարդկային հատկանիշներով դրական մթնոլորտ էր ստեղծում և տրամադրում բաց ու անկեղծ խոսակցության: Այդ ոճն առավել արդյունավետ է և առավել հաճելի: Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանում Գերմանիայի նկատմամբ առանձնահատուկ, էմոցիոնալ և քաղաքական վերաբերմունք է ձևավորվել այն բանից հետո, երբ 2016 թվականի հունիսին Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց: Ողբերգական ցնցումների միջով անցնելով, մեր ժողովուրդն այսօր իր ապագայի վերաբերյալ լավատես է առավել քան երբևէ և ես ուրախ եմ, որ տիկին կանցլերը և Գերմանիայի պատվիրակության մեր գործընկերները միանգամից Հայաստանում նկատել են այդ լավատեսությունը և պատրաստակամ են աջակցելու այդ լավատեսությանը, ինչն ինքնին նշանակում է, որ մեր երկրների բարեկամությունը քաղաքական մակարդակում, տնտեսական մակարդակում և մարդկային մակարդակում շարունակելու է խորանալ»,- ասել է Փաշինյանը։

Անգելա Մերկելը Նիկոլ Փաշինյանին Գերմանիա է հրավիրել և խոսել իր այցի արդյունքներից ու տպավորություններից։

«Այսօր ես և իմ պատվիրակությունն այցելել ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ մեր մտածմունքներն ուղղված են եղել դեպի հայ ժողովրդի մեծ ցավը, որը նա կրել է 1915 թվականին: Ես առիթ ունեցա եղևնի տնկել ծառուղում և տպավորված ենք Ծիծեռնակաբերդ ունեցած մեր այցից: Հուսով եմ, որ Հայաստանը նայում է դեպի ապագա և դրա վառ ապացույցներից մեկն իմ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելությունն էր, որտեղ շփվեցի երեխաների հետ: Գարնան ամիսներին մենք ուշադրությամբ հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձություններին, հետևում էինք, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդները վճռականորեն տրամադրված խաղաղ ցույցերի միջոցով իրականացնելու և արտահայտելու իրենց քաղաքական կամքը: Մենք՝ Գերմանիայի Դաշնային կառավարության ներկայացուցիչներս, պատգամավորները, պատվիրակության տնտեսական ոլորտի ներկայացուցիչները և առհասարակ գերմանական կողմը ցանկանում է ձեզ ուղեկից լինել այդ խիզախ փոփոխությունների ճանապարհին և ցանկանում է աջակից գործընկեր լինել հայաստանյան հետագա զարգացումների ուղղությամբ»,- ասել է Մերկելը։

Գերմանիայի կանցլերը նաև շեշտել է, որ որոշիակցվել են այն ոլորտները, որտեղ կարող է խորանալ հայ-գերմանական համագործակցությունը.- «Մենք գիտենք, թե որքան են մարդիկ սիրում խոսել, բայց մենք երկուստեք կարևորեցինք գործը և այսօր մեր առանձին հանդիպման ընթացքում մեզ հաջողվեց ուղենշել և որոշակիացնել այն բոլոր ոլորտները, կետերը, որտեղ մենք կարող ենք ավելի խորացված համագործակցել միմյանց հետ: Մենք կարող ենք հաջողությամբ շարունակել խորացնել համագործակցությունը կրթության, գիտահետազոտական, տնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում: Գերմանիան կարող է Հայաստանին աջակցություն ցուցաբերել նաև Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդյունավետ կիրարկելու ճանապարհին: Եվ որպեսզի մենք չմոռանանք մեր պայմանավորվածությունների մասին՝ ես Ձեզ՝ պարոն վարչապետ, հրավիրեցի հյուրընկալվել Գերմանիայում, որպեսզի կարողանանք արձանագրել ձեռքբերված առաջընթացը և շարունակել աշխատել հետագա զարգացման ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG