Մատչելիության հղումներ

ԳԴՀ կանցլերին իր նստավայրում ընդունել է ՀՀ նախագահը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայրում ընդունել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին, 24-ը Օգոստոսի, 2018 թ․
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայրում ընդունել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին, 24-ը Օգոստոսի, 2018 թ․

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս պատմական այցը նոր հորիզոններ կբացի հայ-գերմանական հարաբերությունների զարգացման համար:

«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման և խորը վստահության վրա: Գերմանիան Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, բայց մեր համագործակցությունը հնարավորություն ունի շատ ավելի ընդլայնվելու տարբեր ոլոտներում: Եվ, իհարկե, չեմ կարող գոհունակությունս չհայտնել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու նաև այն քաղաքական աջակցության համար, որ զգում ենք Եվրամիության հետ մեր համագործակցության ընթացքում, քանի որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Կանցլեր Անգելա Մերկելն իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար. «Սիրելի պարոն Սարգսյան: Ուրախ եմ հյուրընկալվելու ձեր երկրում և ուրախ եմ մեր հանդիպման համար: Անցյալ տարի մեր երկրները նշում էին դիվանագիտական հարաբերությունների հաստաման 25-ամյակը, և մենք այսօր արդեն կարող ենք ամփոփել, որ մեր հարաբերությունները դրական են: Համամիտ եմ Ձեզ հետ այն առումով, որ մեր հարաբերություններն ունեն չիրացված ներուժ, և այն պետք է օգտագործել ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ գիտահետազոտական և տեխնոլոգիաների ոլորտներում: Մենք ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ուշադրությամբ հետևում էինք գարնանը ձեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին և գործընթացներին: Պատրաստ ենք շարունակել համագործակցել այս թերևս դժվարին, բայց կարևոր ճանապարհին»:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները տարբեր՝ մշակութային, կրթական և գիտական ուղղություններով խորացնելու հնարավորություններին»,- մասնավորապես, նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հայաստան-Գերմանիա միջպետական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի կանցլերն այսօր ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հենց այսօր էլ նախատեսված են երկու վարչապետերի բանակցությունները:

Օդանավակայանից Մերկելը ուղևորվեց Ծիեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG