Վարչությունից տեղեկացնում են, որ այդ թիվն օրեցօր աճում է․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կոռուպցիոն բացահայտումների թիվն աճել է մոտ 85 տոկոսով:
Վարչությունից «Ազատությանը» տրամադրած տվյալների համաձայն, չարաշահումների և կաշառքի ամենաակնառու դեպքերը հայտնաբերվել են սոցիալական ծառայությունների Վանաձորի, Ստեփանավանի և Ալավերդու տարածքային գործակալություններում: Ըստ այդմ, անցած 5 տարիներին մոտ 600 միլիոն դրամ է հափշտակվել պետական միջոցներից։ Դրա առյուծի բաժինը՝ մոտ 400 միլիոն դրամ, յուրացրել են Ստեփականավի տարածքային կենտրոնում։ Ոստիկանությունը բացահայտել է, որ տարիներ շարունակ այստեղ անգամ առանց քաղաքացիների իմացության անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններով նրանց հաշվառել են որպես նպաստառու, փոստատարների միջոցով կեղծել ստորագրություններն ու գրպանել քաղաքացիների անուններով ձևակերպված նպաստի գումարները։
Նպաստառուների կեղծ ցուցակներ կազմելու, նրանց անվամբ նպաստի գումարներ դուրս գրելու և յուրացնելու դեպքեր են հայտնաբերվել նաև Վանաձորում։
Սոցիալական ծառայությունների Վանաձորի, Ստեփանավանի և Ալավերդու գործակալություններում հայտնաբերվել են նաև կաշառքի դեպքեր։ Քաղաքացիների հաղորդումների հիման վրա ոստիկանությունը բացահայտել է, որ նպաստառուների ցուցակում ընդգրկելու և նպաստի վճարումը չդադարեցնելու համար սոցիալական ծառայությունների աշխատակիցները տարիներ շարունակ ընդհանուր առմամբ միլիոնավոր դրամների կաշառք են պահանջել և ստացել։
Սրանք այն դեպքերն են, որոնց մասին մամուլը մշտապես ահազանգել է։ Շատերը խոսում էին այդ մասին, բայց իրավապահներ խոշոր բացահայտումներ չէին անում։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն «Ազատությանն» ասաց, որ նախկինում եղել են նման քրեական գործեր, բայց ոչ այս ծավալի:
«Մեր ազգաբնակչությունը ներկա պահին ունեցավ քաջություն՝ բարձրաձայնելու, ինչպես նաև հաղորդումներ ներկայացնելու։ Նախկինում եղել են ստուգման նյութեր, որի ժամանակ տեղեկությունները չեն հիմնավորվել։ Այսինքն, քաղաքացիներ չեն եղել, ովքեր հայտնեն իրականության մասին», - նշեց Ղազարյանը։
Նշենք, որ իշխանափոխությունից հետո սոցիալական ծառայությունների Ստեփանավանի, Ալավերդու և Սպիտակի՝ մարզպետարանի ենթակայությամբ գործող տարածքային գործակալությունների պետերն ազատվել են աշխատանքից, նոր նշանակումներ են եղել: Մինչդեռ Վանաձորի սոցիալական ծառայությունում, որը քաղաքապետարանի ենթակայության տակ է, մոտ տասը տարվա ղեկավարը չի փոխվել:
«Բացի Տաշիրի սոցիալականը, մյուս բոլոր տարածքներում ունենք քրեական գործեր թե՛ մեր կողմից հարուցված, թե՛ դատախազության, թե՛ քննչական կոմիտեի», - փոխանցեց Ղազարյանը։
«Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ այս տարի էականորեն աճել է ոչ միայն կոռուպցիոն բնույթի, այլ նաև մյուս տեսակի հանցագործությունների թիվը։
Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին կիսամյակում 846 դեպք է գրանցվել, 16,5 տոկոսով ավելի, քան անցած տարվա առաջին կիսամյակում էր։ Դեռ նախկին իշխանության օրոք պաշտոն ստանձնած Արամ Ղազարյանը սա ևս պայմանավորում է հասարակության ոստիկանության նկատմամբ աճող վստահությամբ․ - «Չեմ թաքցնում, որ իրավիճակի փոփոխությունից ելնելով, նաև բազմաթիվ քաղաքացիներ սկսել են ակտիվորեն ահազանգեր, դիմումներ, հաղորդումներ ներկայացնել ոստիկանություն։ Կարելի է ասել, ոստիկանության հետ հարաբերությունների առումով ավելի շատ են սկսել ոստիկանին և՛ հարգել, և՛ վստահել»։
Չնայած Լոռու ոստիկանության ղեկավարը պնդում է, որ մեծացրել են ակտիվությունը հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, նախորդ տարվա համեմատ չբացահայտված գործերի թիվը աճել է։
«Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Լոռու մարզի ոստիկանությունը, ինչպես նաև հանրապետության մյուս բնակավայրերում, ակտիվ գործունեություն է իրականացրել հասարակական կարգի ապահովման նպատակով: Եվ այդ ընթացքում որոշակի նաև օպերատիվ աշխատանքում բացթողումներ ենք ունեցել, ձեռնարկում ենք ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ այդ բացթողումները վերացնելու ուղղությամբ», - ասաց Ղազարյանը:
Նշենք, որ դատախազության տվյալներով Լոռու մարզում վերջին 20 տարիներին տեղի ունեցած 24 չբացահայտված սպանություն կա, այդ թվում 10 տարի առաջ տեղի ունեցած մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը։ 24 չբացահայտված սպանությունից 22-ը կարճվել է։
Մարզի ոստիկանության պատասխանատուն վստահեցնում է, թե ամեն ինչ անում են բոլոր դեպքերը ջրի երես հանելու համար․ - «Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք բացահայտման դեպքեր նաև սպանությունների, ավազակային հարձակումների, ինչպես նաև մյուս հանցատեսակների առումով։ Ես կրկնում եմ, որ կան դեպքեր, որոնցով բավարար տեղեկություններ չենք ստանում»։