Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի պարզաբանմամբ, այժմ մի շարք տարբերակներ են քննարկվում՝ առաջիկայում եկամտահարկի տոկոսադրույքների նվազեցման դեպքում բյուջետային հնարավոր կորուստներից խուսափելու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ազատության» հարցին՝ ի՞նչ չափով է նվազելու եկամտահարկը, որը դեռևս Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ամիսներին էր բարձրացվել, և տոկոսադրույքների նվազեցումը որքա՞ն բյուջետային կորուստներ է ենթադրում, Մաշադյանը, մասնավորապես, նշեց․
«Հիմնականում քննարկվում է հետևյալը՝ եկամտային հարկի դրույքաչափը սահմանել շահութահարկի դրույքաչափին հավասար, այսինքն՝ 20 տոկոս։ Կարծում եմ, որ այդ փոփոխությունը հնարավոր կլինի 2019-ի հունվարի 1-ից։ Դրա արդյունքում, իհարկե, կունենանք հարկային եկամուտների կորուստներ: Մենք տվել ենք այդ գնահատականները․ այն հիմա տատանվում է մոտավորապես 60-70 մլրդ դրամի շրջանակներում, և կարծում ենք, որ այս կորուստները կփոխհատուցվեն հարկ վճարողների կողմից աշխատավարձի իրական մեծությունների հայտարարագրման, չգրանցված աշխատողների բացառման, նաև ստվերի կրճատման արդյունքում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել էր՝ եկամտահարկը կնվազի, իսկ «միկրոբիզնեսին» փաստացի կազատեն հարկերից։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն այսօր պարզաբանեց՝ փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացումը ևս քննարկվում է․ փորձելու են կրճատել Հարկային օրենսգրքում առկա հարկման 5 ռեժիմները՝ դրանք հասցնելով 3-ի։
«Ուզում ենք կրճատել այդ հարկման ռեժիմները, ունենանք ընդամենը հարկման 3 ռեժիմ: Ներկա պահին դա ընտանեկան ձեռնարկություններն են, ինքնազբաղվածներն են, արտոնագրային հարկի դաշտում գործող տնտեսավարողներն են, շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսավարողներն են և հարկման ընդհանուր դաշտում գործող կազմակերպություններն են։
Կա մոտեցում, որ հարկման ռեժիմները կրճատվեն, դառնան 3-ը: Լինի, մասնավորապես, գերփոքր բիզնես, որի մեջ կներգրավվեն որոշակի շեմ ունեցող կազմակերպությունները: Քննարկվում է տարբերակ, որ մինչև այդ շեմն ընդհանրապես հարկերից ազատվեն։ Բայց կոնկրետ չեմ կարող ասել, թե որն է լինելու այդ շեմը, և ովքեր են գործելու այդ դաշտում»,- ասաց Ռաֆիկ Մաշադյանը:
Սպասվող փոփոխությունների շնորհիվ միկրոբիզնեսը զգալի աճ կգրանցի, կարծում է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գալստյանը։ «Ազատության» հետ զրույցում նա, մասնավորապես, նշեց․ «Միկրոբիզնեսն այսօր լուծում է օրվա հացի խնդիր: Միկրոբիզնեսն այսօր ապագա ունեցող, աճի սպասումներ ունեցող կազմակերպություն չի կարողանում հանդիսանալ, ուստի՝ այդ քայլը մեզ շատ պետք է»: