Մատչելիության հղումներ

Մերկելը կրկին աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը


«10 տարի առաջ ես վճռականորեն պահանջեցի դուրս բերել ռուսական զորքը և տասը տարի անց ես կրկին աջակցում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությանը», - այսօր Թբիլիսիում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Վրաստանը Անգելա Մերկելի հարավկովկասյան եռօրյա շրջագայության առաջին կանգառն է: Այստեղ նա առանձին հանդիպում է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավարի հետ, այսօր նախատեսված է հանդիպում երկրի նախագահի, ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Գերմանիայի կանցլերի պաշտոնում Մերկելը Վրաստան է ժամանում երկրորդ անգամ: Առաջին անգամ նա այստեղ էր 2008-ին՝ օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի ավարտից օրեր անց:

«Ես ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Վրաստանում, վերջին անգամ ես այստեղ հյուրընկալվել եմ ուղիղ տասը տարի առաջ . Այն ժամանակ ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը: Մենք մեր ներդրումը կունենանք այդ հակամարտության կարգավորման հարցում», - մասնավորապես, հայտարարել է կանցլեր Մերկելը, ինչպես նկատում են վրացական լրատվամիջոցները՝ խուսափելով արտաբերել պաշտոնական Թբիլիսիի կողմից կիրառվող տերմինները՝ այդ թվում նաև օկուպացիա բառը:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում ինչ-որ կերպ քննարկել է ռուսական օկուպացիայի հարցը, Գերմանիայի կանցլերը պատասխանել է. - «Ռուսաստանի նախագահը տեղյակ է այդ հարցում իմ դիրքորոշման մասին՝ այդ թվում Ուկրաինայի հետ կապված: Նույն սցենարն է: Ցավոք՝ քիչ բան է արվում, որպեսզի այդ մեծ անարդարությունը անցյալում մնա»:

Գերմանական կառավարության ղեկավարի այցը Վրաստան, ինչպես հաղորդվում է՝ նվիրված է երկկողմ հարաբերություններին, տնտեսական կապերին, եվրոպական և արտաքին քաղաքական հարցերին:

Գերմանիան շարունակում է սատարել Վրաստանին եվրոպական ինտեգրման ճանապարհին, սակայն, ինչպես ընդգծել է Մերկելը, Թբիլիսիում նախատեսված իր հանդիպումների առանցքային թեման տնտեսական հարաբերություններն են: Գերմանիայի կառավարությունը տպավորիչ է համարում Վրաստանի տնտեսական առաջընթացը և եվրոպամետ բազմաթիվ բարեփոխումների ակնհայտ դրական արդյունքները: Բեռլինը բազմիցս դրական է արտահայտվել նաև Թբիլիսիի հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ:

Վրաստանից Գերմանիայի կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կուղևորվի Հայաստան, շաբաթ օրն էլ՝ Ադրբեջան, որտեղ, ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, Մերկելը քննարկելու է դեպի Եվրոպա կասպյան գազի արտահանումների ծավալները մեծացնելու հարցը՝ Վաշինգտոնի ճնշումների ֆոնին:

Միացյալ Նահանգները խստորեն քննադատում է Գերմանիայի իշխանություններին «Հյուսիսային հոսք-1» գազատարի համար, որով ռուսական գազը պետք է հասնի Գերմանիա:

Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ Գերմանիան շահագրգռված է «Հարավային գազատարի» կառուցմամբ, որը ադրբեջանական էներգոռեսուրսները Թուրքիայով հասցնում է Եվրոպա՝ այդպիսով նվազեցնելով Եվրամիության երկրների էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG