Մատչելիության հղումներ

Վանաձորում հացի թանկացումը «քաղաքականության հետ կապ չունի»


Երեկվանից Հայաստանում ալյուրի մեկ կիլոգրամը թանկացել է 10 դրամով, մինչդեռ Վանաձորում գրեթե բոլոր հացարտադրողներն արդեն մեկ շաբաթ հացի գինն ավելացրել են 20-30 դրամով։ Վանաձորի ամենախոշոր հացարտադրող «Մատինյան նշխար» ընկերության տնօրեն Նունե Գրիգորյանն «Ազատությանն» ասաց՝ այստեղ միշտ էլ հացի գինը չի համապատասխանել իրական, շուկայով պայմանավորված արժեքին։

Ըստ նրա, Վանաձորի հացարտադրողներն առնվազն երեք տարի վնասով են աշխատել: Նունե Գրիգորյանն ասում է՝ Երևանում մեկ կիլոգրամ հացը վաճառվել է 450 դրամով, իսկ Վանաձորում՝ 150 դրամով էժան։ Մոտ 100 աշխատակից ունեցող հացարտադրող ընկերության ղեկավարը պնդում է, որ նախորդ տարիներին անձամբ իրենք են սահմանել այդ ցածր գները, բայց միևնույն ժամանակ սրտնեղում, որ պետական մարմիններին չեն անհանգստացրել իրենց արտադրանքի ցածր գներն ու, ըստ իր խոսքով՝ ոչ եկամտաբեր բիզնեսը․ - «Դրանից էինք մենք նեղվում, որ՝ լավ, մի՞թե մեկը չկա, որ անալիզ անի, գա ասի՝ ա՛յ Վանաձորի հաց թխողներ, էս ընչի՞ էք սենց էժան գնով հաց ծախում: Որևէ մեկը նման քայլ երբեք չարեց»:

Ավելի փոքր արտադրամասերում հիմնականում հրաժարվում էին հարցազրույցից։ Քաղաքի ծայրամասում ավտոտնակը հացի արտադրությանը հարմարեցրած Նորայրը արգելեց նաև նկարահանումները։

Երևանյան խճուղու վրա գործող հացարտադրող ընկերության սեփականատեր Արթուրն ասաց, թե «հացի թանկացումը քաղաքականության հետ կապ չունի», չնայած նրան որևէ նման հարց չէինք էլ ուղղել: Հետո էլ հավելեց․ - «Գնացեք մեծերին ասեք՝ թող ասեն»:

Նշենք, որ երեկվանից Հայաստանում, այդ թվում Լոռու մարզում թանկացել է թե՛ Ռուսաստանից ներկրվող, թե՛ տեղում արտադրվող ալյուրը, մինչդեռ Վանաձորի շուկաներում տեղական ցորենն ամսվա սկզբի համեմատ 10 դրամով էժանացել է։

Վանաձորում մեծածախ ալյուր վաճառողները հստակ տեղեկություններ չունեն ալյուրի թանկացման պատճառների մասին։ Նկարահանումից դուրս ասացին, որ ընդամենը 2 օր առաջ Ռուսաստանում 5-10 դրամով ցորենը թանկացել է, ինչը դեռևս չէր կարող անդրադառնալ Հայաստան հասած ալյուրի գնի վրա։
Նշենք, որ Հայաստանում իրացվող ցորենի և ալյուրի հիմնական մասը Ռուսաստանից է ներկրվում։ Ցորենի խոշոր ներկրող է իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Վանաձորում փակ խորհրդակցություն անցկացրեց, որից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել է նաև Վանաձորում հացի թանկացման հարցը․ - «Անկեղծ ասած, նաև շատ խոսակցություններ գնում են այն մասին, որ հիմա շատերը ստիպված են իրենց աշխատողներին գրանցել և աշխատել հարկային դաշտում և դա որոշակիորեն նույնպես ազդում է ինքնարժեքի վրա: Որպեսզի հասկանանք՝ դա իրոք այդպես է, թե ոչ, ես կարծում եմ հարկային մարմինները կտանեն աշխատանք»:

Փոխվարչապետը լրագրողներին ասաց, որ համապատասխան տեսչությունն ուսումնասիրություն կիրականացնի՝ պարզելու՝ «հացի թանկացումը պայմանավորված է ոլորտի խաղացողներո՞վ, թե դա օբյեկտիվ գին է»։

Նշենք, որ այսօրվա դրությամբ հացի գինը բացի Վանաձորից, Երևանում և մյուս մարզերում, ինչպես նաև Լոռու մարզի մյուս բնակավայրերում, ըստ փոխվարչապետի, անփոփոխ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG