Մատչելիության հղումներ

Ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխը մեկնեց հայ-ադրբեջանական սահմանագիծ


Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ոստիկանական զորքերի հերթափոխի՝ սահմանագիծ մեկնելու արարողությանը, 23-ը օգոստոսի, 2018 թ․
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ոստիկանական զորքերի հերթափոխի՝ սահմանագիծ մեկնելու արարողությանը, 23-ը օգոստոսի, 2018 թ․

Ոստիկանության ներքին զորքերի ծառայողների առաջին խումբն այսօր մեկնեց հայ-ադրբեջանական սահմանագիծ՝ մարտական հերթապահություն իրականացնելու: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հայտարարեց՝ ոստիկանության զորքերը շատ կարևոր առաքելություն են ստանձնում, և այդ առաքելությունը բանակին, զինված ուժերին աջակցություն ցուցաբերելն է՝ Հայաստանի պետական սահմանների պաշտպանության գործում:

«Ես կարծում եմ, որ սա պատմական մի շրջան է ոչ միայն ոստիկանության զորքերի, այլև ոստիկանության համար, որովհետև, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանությանը, ոստիկանական համազգեստով ցանկացած մարդու պետք է վերաբերվեն որպես հարազատի: Թող ասածս տարօրինակ չթվա, որովհետև հարազատ է համարվում այն մարդը, ում քաղաքացին առաջին հերթին է դիմում, երբ հայտնվում է ծանր իրավիճակում: Եվ մեր խնդիրն է՝ այնպես անել, որ ՀՀ քաղաքացիները ոստիկանությանն ընկալեն հենց այդպես, ընկալեն, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և ոստիկանության զորքերը պաշտպանում են, պահպանում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի պետականությունը, Սահմանադրությունը, անվտանգությունը»,- ասաց վարչապետը:

Օրերս Հայաստանի ոստիկանապետն ասել էր, որ վարչապետի հետ քննարկումների արդյունքում որոշել են առաջարկել Հայաստանի ոստիկանական զորքերին՝ մեկնել ծառայության Հայաստանի սահմաններ: Վալերի Օսիպյանի խոսքով՝ ոստիկանական զորքերում այդ առաջարկը միաձայն ընդունվել է։ «Օգոստոսի 23-ին ճանապարհելու ենք առաջին հերթափոխը, հերթափոխն իրականացվելու է շուրջ 14 օր, հավելավճար ստանալու են այնքան, ինչքան որ ներկայիս դիրքապահը խրամատում»,- ասել էր Օսիպյանը:

Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ ոստիկանության զորքերի մասին օրենքի համաձայն՝ այդ ստորաբաժանումներն ունեն երկակի կարգավիճակ. դրանք ոչ միայն ներքին իրավակարգի ապահովման խնդիրներ են իրականացնում, այլև կարող են մասնակցել պետության արտաքին պաշտպանությանը:

Ոստիկանության գործունեությունը տարիներ շարունակ դիտարկած՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով էլ՝ այս քայլը կփոխի հասարակության վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ։

«Քաղաքացիների մոտ հաճախ հարց էր առաջանում՝ ինչու՞ ենք մենք պահում ոստիկանության զորքեր, որովհետև եթե զորք է, ապա այդ զորքը պետք է ունենա հնարավոր թշնամիների դիապազոն: Եվ հասարակության մոտ հարց էր առաջանում՝ ոստիկանության զորքերի հնարավոր թշանամիներն ովքե՞ր են։ Մե՞նք ենք։ Եվ սա հասարակության և ոստիկանության միջև ջրբաժանը խորացնում էր։ Այն պահից ի վեր, երբ հայտարարվեց, որ ոստիկանության զորքերը մասնակցելու են հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ այդ ջրբաժանի հարցը մի փոքր փակվեց»,- ասաց Իոաննիսյանը:

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG