Ադրբեջանի արտգործնախարարության կողմից պատրաստվող՝ Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը» կոպտորեն խախտում է ազատ տեղաշարժի և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, որի միջոցով ադրբեջանական կողմը փորձում է միջազգային հանրությանը պարտադրել իր միակողմանի և խեղաթյուրված տեսակետը, հայտնում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի մուտքի արգելքը։
Ստեփանակերտն անթույլատրելի է համարում Բաքվի նման գործողությունները։
«Եթե դրանք հետագայում ևս պատշաճ գնահատականի չարժանանան միջազգային հանրության կողմից, ապա ժամանակի ընթացքում ավելի բարդ է լինելու Բաքվին վերադարձնել կառուցողական դաշտ։ Հասունացել է Ադրբեջանի ապակառուցողական քայլերը զսպելու միջազգային մեխանիզմների մշակման ժամանակը։ Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հրավեր է ուղարկել Ալբերտ Վայլերին՝ կրկին այցելելու Արցախ իրեն հարմար ցանկացած ժամանակ` «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի հետ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար։ Վստահ ենք, որ խորհրդարանականների և այլ պաշտոնյաների այցերն Արցախ, ի հեճուկս Բաքվի «սև ցուցակի», դառնալու են կարևոր ազդակ՝ առճակատումն ու մեկուսացումը որպես տարածաշրջանային խնդիրների լուծման միջոց օգտագործելու անթույլատրելիության մասին», - ասված է Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում։
Ադրբեջանի արտգործնախարությունը հրաժարվել է մուտքի արտոնագիր տալ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամ, Մերկելի կուսակից, Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին՝ պատճառաբանելով, թե նա ժամանակին այցելել է Ղարաբաղ՝ առանց Բաքվի թույլտվության:
«Վայլերի անունն ընդգրկված է Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում, քանի որ նա ապօրինի այցելել է Ադրբեջանի գրավյալ տարածքներ՝ 2014-16 թվականներին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Ավելին՝ գերմանական թերթերը գրում են, թե Բաքուն սպառնացել է անգամ ձերբակալել գերմանացի պատգամավորին, եթե վերջինս, այնուամենայնիվ, ժամանի Ադրբեջան:
Նշենք, որ այսօր մեկնարկում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եռօրյա այցը Հարավային Կովկաս, որի ընթացքում Մերկելը կլինի նախ Վրաստանում, ապա՝ կայցելի Հայաստան, շաբաթ օրն էլ՝ Ադրբեջան: