Այսօր մեկնարկում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եռօրյա այցը Հարավային Կովկաս, որի ընթացքում Մերկելը կլինի նախ Վրաստանում, ապա՝ կայցելի Հայաստան, շաբաթ օրն էլ՝ Ադրբեջան:
Այցը չմեկնարկած՝ դարձել է դիվանագիտական սկանդալի պատճառ Բաքվի և Բեռլինի միջև. Ադրբեջանը հրաժարվել էր մուտքի արտոնագիր տալ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամ, Մերկելի կուսակից, Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին՝ պատճառաբանելով, թե նա ժամանակին այցելել է Ղարաբաղ՝ առանց Բաքվի թույլտվության:
Ադրբեջանի այս քայլը մեծ աղմուկ է բարձրացրել Գերմանիայում։
«Որևէ բանի հետ չհամեմատվող վիրավորանք է, երբ բռնապետական վարչակազմը հրավիրում է Գերմանիայի կանցլերին ու միաժամանակ թելադրում,՝ ով պետք է լինի նրա պատվիրակության կազմում, ով՝ ոչ», - երեկ հաղորդել էր գերմանական ռադիոկայաններից մեկի թղթակիցը՝ հավելելով, որ Մերկելը պետք է մերժեր հանդիպումն ավտորիտար Ալիևի հետ:
Նույնն են պնդում նաև Բունդեսթագի պատգամավորները, ընդ որում, ոչ միայն ընդդիմադիր ճամբարից, այլև կոալիցիայի անդամ կուսակցություններից:
«Գործնականում օտարերկրյա կառավարություններն իրավունք չունեն որոշել՝ ինչ կազմ պետք է ունենա մեր պաշտոնական պատվիրակությունը, հատկապես, երբ դրանում ընդգրկված են ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորներ», - ասել է Մերկելի գործընկեր, Սոցիալ-դեմոկրատների արտաքին քաղաքականության գծով պատասխանատու Ռոլֆ Մյութցենիխը Շպիգելին՝ շարունակելով. - «Լավ կլինի, որ կանցլերը Բաքվում ոչ միայն այս հարցը բարձրացնի, այլև խոսի Ալիևի վարչակազմի կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին տրված կաշառքների մասին»։
Ընդդիմադիր «Ազատ ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչ Բիյան Ջիր Սարայն էլ միջադեպը որակել է որպես դիվանագիտական սկանդալ՝ պնդելով՝ «եթե կանցլերն այս մասին Բաքվում հրապարակավ չխոսի, կվարկաբեկի ողջ Բուդեսթագը»:
Քննադատության թիրախում հայտնված Մերկելը խոստացել է, որ Բաքվում չի մոռանա այս մասին և կքննադատի Ադրբեջանի դիրքորոշումը:
Մինչ այդ փորձագետները փաստում են՝ որքան էլ միջադեպը տհաճ ու անցանկալի է, Մերկելը դժվար թե հրաժարվի Բաքվում նախատեսված բանակցություններից:
«Ռոյթերզ»-ը, մասնավորապես, պնդում է, թե Գերմանիայի կանցլերն Ադրբեջան է մեկնում գազի մատակարարումների շուրջ բանակցելու, ինչն առավել հրատապ է դարձել հիմա, երբ Միացյալ Նահանգներն ընդդիմանում է Ռուսաստանից գազ ստանալու՝ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի կառուցմանը:
Ամիսներ առաջ՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում, նախագահ Թրամփը հայտարարել էր, թե «Գերմանիան դարձել է ռուսական գազի պատանդը», պնդելով՝ այդ կախվածությունն էլ ավելի կընդարձակվի նոր գազատարի կառուցումից հետո:
«Սպիտակ տան ղեկավարի այս քննադատությունից հետո Անգելա Մերկելը սկսել է ռուսական գազատարի այլընտրանք փնտրել», - հաղորդում է «Ռոյթերզ»-ը:
Գերմանիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն, անանուն մնալու պայմանով, ասել է, որ Մերկելը մտադիր է Բաքվում քննարկել ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունը՝ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար:
«Եվրոպայի ու Գերմանիայի շահերի պաշտպանությունը, անշուշտ, արդարացնում է բանակցություններն անգամ անցանկալի առաջնորդների հետ, սակայն դա երբեք և ոչ մի կերպ չպետք է տպավորություն ստեղծի, թե ժողովրդավար կառավարությունն ընկրկում է ավտորիտար վարչակազմի առաջ ու հրաժարվում իր սկզբունքներից», - նշում է Deutschlandfunk-ի՝ Գերմանիայի հանրային ռադիոյի թղթակիցը՝ կոչ անելով կանցլերին այս մասին չմոռանալ Բաքվում նախատեսված հանդիպումների ժամանակ։