Մատչելիության հղումներ

Մեր տնտեսությունը պետք է կառուցվի արտահանելու տրամաբանությամբ. Փաշինյան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց իր կառավարության տնտեսական ռազմավարությունը։

Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձավ բարձր տեխնոլոգիաների ոլորտին, գյուղատնտեսությանը, տեքստիլ արտադրությանը, զբոսաշրջությանը, կրթությանը և գիտությանը, առողջապահությանը, միկրոբիզնեզին, ինչպես նաև բնության պահպանությանը։

«Շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, որ դա պետք է լինի արտահանմանը միտված տնտեսություն», ֊ իր թվարկած հիմնական ուղղությունները ամփոփելով՝ հայտարարեց Փաշինյանը։ ֊ «Այսինքն, մեր տնտեսությունը պետք է կառուցվի արտահանելու տրամաբանությամբ, որովհետև մեր շուկան, ցավոք սրտի, շատ փոքր է, և մենք չենք կարող հույս ունենալ, որ միայն մեր շուկայի վրա հաշվարկված տնտեսությամբ կարող ենք աշխատատեղեր ստեղծել և բարձր աշխատավարձեր ապահովել»։

Եկամտահարկը կիջնի. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը քննարկում է հարկային դաշտի պարզեցմանը և եկամտահարկի նվազեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները։

«Մենք շատ ակտիվորեն քննարկում ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը: Բավականին մեծ աշխատանք է արվել: Հիմա ես կարող եմ ասել մի բան, որ մենք կգնանք հարկային համակարգի պարզեցման և եկամտահարկի իջեցման»,- հայտարարեց վարչապետը:

Նա նշեց, որ չի ուզում կոնկրետ թվեր մատնանշել, քանի որ այդ առնչությամբ մի քանի սցենարներ են քննարկվում։

«Հարկային օրենսգրքում լրջագույն փոփոխություններ ենք ունենալու», ֊ նաև խոստացավ վարչապետը։

Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանի կառավարման համակարգը ուռճացված է և ոչ արդյունավետ։

«Ես այս երեք ամսվա ընթացքում դա զգում էի։ Եթե վարչապետն է դա զգում, պատկերացնում եմ քաղաքացիները ինչքան են դա զգում, թե ինչքան դանդաղաշարժ է մեր պետական կառավարման համակարգը», ֊ նշեց նա։​

Փոքր բիզնեսի համար շրջանառվող հարկը համարյա կբացակայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկային մարմիններին հանձնարարել է «մեղմ վարչարարություն» իրականացնել միկրոբիզնեսի և արտադրության նկատմամբ։

«Հարկային օրենսգրքում կլինի մի կարևոր փոփոխություն, որն աջակցություն է փոքր բիզնեսին: Մենք փոքր բիզնեսի համար, որը տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունի, կսահմանենք, ըստ էության, սիմվոլիկ հարկ», ֊ հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով. ֊ «Փաստացի դա համարյա կլինի հարկի բացակայություն: Խոսքը շրջանառության հարկի մասին է: Այսինքն, միկրոբիզնեսը կլինի հարկային առումով արտոնյալ պայմաններում»։

Վարչապետի հեռարձակումն ամբողջությամբ դիտեք ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG