Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանին։

Նա մեղադրվում է հուլիսի 8-ին Վարդավառի օրը Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Ավետիք Սարգսյանի նկատմամբ սպանության սպառնալիքներ տալու համար։

«Ազատության» հետ զրույցում Կարեն Գասպարյանը կրկին պնդեց, որ մեղադրանքը չի ընդունում՝ խորհուրդ տալով խոսել իր փաստաբանի հետ:

Մեղադրանքի համաձայն, 2018-ի հուլիսի 8-ին՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի և Կոտայքի մարզի բնակիչ Ավետիք Սարգսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, երբ Սարգսյանի դուրստը փորձել էր ջրել Կարեն Գասպարյանի ավտոմեքենան:

Անչափահաս աղջկա հարազատները տարածել էին միջադեպի տեսանյութը։ 13-ամյա Սոնան «Ազատությանը» պատմել էր, որ Վարդավառի տոնին գյուղում ընկերների հետ խաղալիս, փոքր տարայով ջուր է լցրել տան դիմացով անցնող մի մեքենայի հետևից, որի վարորդը, նույն համայնքում առանձնատուն ունեցող Կարեն Գասպարյանը, արգելակելով մեքենան, մոտեցել էր աղջկան, բռնել մազերից ու փորձել գլուխը մտցնել մոտակա առվակի մեջ։

Տարածքում ներկա մեծահասակները մի քանի անգամ ներողություն էին խնդրել, մինչդեռ Գասպարյանը, ըստ նրանց, շարունակել էր հայհոյանքներ հնչեցնել։ Միջադեպից վախեցած երեխաները պատմել էին, որ մեքենայում է եղել նաև Կարեն Գասպարյանի դուստրը, որը ձեռքում առկա էլեկտրաշոկով սպառնացել է իրենց։

Նախաքննական մարմնի հաղորդմամբ, վիճաբանության շուրջ պարզաբանումներ կատարելու և հաշտվելու պատրվակով նույն օրը Կարեն Գասպարյանը Ավետիք Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոցը, որտեղ որդու, վերջինիս ընկերների և ուրիշների ներկայությամբ Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը: Իրեն հայհոյելու համար Սարգսյանից վրեժ լուծելու նպատակով Կարեն Գասպարյանը իր ավտոմեքենայում գտնվող հրազենով նրան սպանելու սպառնալիքներ է հնչեցրել: Արդյունքում Ավետիք Սարգսյանը տեղի է տվել Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից:

«Ազատության» հետ զրույցում ուղեղի ցնցումով հիվանդանոցում հայտնված Ավետիք Սարգսյանը պատմել էր․ - «Ստիպված ես երեխայի խաթրու խնկի եմ եկել, որ ինձ թողնեն: Ու դրանից հետո, ծնկի գալուց հետո նորից ինձ հարվածեցին: Նորից վախացնելով՝ ընտանիքիդ կվերացնենք, կտրաքացնենք, եթե մի հատ քայլի դիմել ես: Կարեն Գասպարյանի որդին էր հարվածողը: Իսկ ինձ սպառնացողը հենց Կարեն Գասպարյանն էր»:

Նախաքննական մարմինը հաղորդում է, որ Կարեն Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կարեն Գասպարյանի փաստաբան Արման Թամրազյանը, մինչդեռ, Ազատության հետ զրույցում պնդեց՝ մեղադրանքն անհիմն է․ - «Ինքը սպանության սպառնալիք չի տվել՝ մեկ: Ծնկաչոք ներողություն խնդրելու պահանջ չի ներկայացրել՝ երկու, մեքենայում զենք չի եղել, իր մոտ որևիցե զենք չի եղել, որևիցե մի անձի մոտ զենք չի եղել, տան դարպասը եղել է բաց, բոլորի մոտ եղել են բջջային հեռախոսները, բոլորը օգտվել են բջջային հեռախոսներից․․․ նման պայմաններում սպանության իրական սպառնալիքի մասին խոսք անգամ լինել չի կարող:

Փաստաբանը ուշադրություն է հրավիրում մեղադրանքում տեղ գտած զենքի հանգամանքի վրա՝ նշելով, որ Գասպարյանի ավտոմեքենայից զենք չի հայտնաբերվել․ - «Ինչ-որ մեկը պետք է ականատես լիներ, կամ խուզարկությամբ այդ զենքը պետք է հայտնաբերվեր, կամ ինչ-որ մեկը տեսներ, որ նման զենք կա»:

Թամրազյանը նշում է, թե Գասպարյանի առանձնատան տեսագրությունը, որ ներկայացված է նախաքննական մարմնին, վկայում է, որ սպանության սպառնալիք չի եղել։

«Մարդիկ պարզապես միասին զրուցում են», - ասում է փաստաբանը՝ հայտարարելով, որ պատրաստվում է հրապարակել այդ տեսագրությունը։ Փաստաբանը պնդում է, թե տեսագրությունում երևում է միայն, որ Կարեն Գասպարյանի որդին՝ ոստիկանության աշխատակից Սերգեյ Գասպարյանը մեկ անգամ ապտակում է Ավետիք Սարգսյանին։

«Ազատության» հարցին, թե արդյոք առաջարկել են հաշտվել տուժող Ավետիք Սարգսյանի հետ, փաստաբանը պատասխանեց․ - «Հաշտության գալու հետ կապված խնդիր չեմ տեսնում․ անձը պետք է ինչ-որ գործողություն կատարած լինի, որի համար էլ փորձի հաշտվել: Եթե որևիցե գործողություն չի կատարել, չեմ կարծում, որ հաշտվելու անհրաժեշտություն և խնդիր կա»:

Միջադեպի մասնակից Կարեն Գասպարյանի որդու՝ Սերգեյ Գասպարյանի լիազորությունները միջադեպից հետո ժամանակավորապես կասեցվել են ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG