Բացառիկ երևույթ է, երբ մշակույթի գործիչը, արվեստագետը հացադուլ է հայտարարում: Եվ ոչ թե քաղաքական դրդապատճառներով, այլ իր իսկ ստեղծագործությունն ավարտին հասցնելու անհնարինությունից դրդված:
Այսօր առավոտյան Մշակույթի նախարարության մուտքի դիմաց հացադուլ հայտարարեց կինոռեժիսոր Արամ Շահբազյանը: Նա 14 տարի առաջ ձեռնամուխ է եղել«Չնչիկ» խորագրով ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Ֆինանսների բացակայության պատճառով մինչև օրս ֆիլմն անավարտ է:
Հուլիսի 27-ին Մշակույթի նախարարին ռեժիսորի հասցեագրած նամակն էլ մինչև օրս մնացել է անպատասխան:
Շահբազյանն ասաց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվել են շուրջ 10 տարի առաջ․ - «Ի սկզբանե Հայաստանին դիմել ենք 200 հազար դոլարի չափով՝ կապված մեր ընդհանուր բյուջեի տոկոսը հայկական կողմից ինչքանը պետք է ապահովված լինի: Հայկական կողմը, բնականաբար, չապահովեց էդ 200 հազարը, որի արդյունքում մենք ի վերջո կոպեկներով, կոպեկներով, կոպեկներով․․․ այսպես էլ չենք կարողանում վերջացնել: Ընդամենը մնում է 18 միլիոն դրամ վերջացնելու համար: Ֆիլմը համարյա թե պատրաստ է: Պաշտոնական դիմել եմ, ոչ մի արձագանք չի եղել: Եվ իմ փաթեթը վերցրել դրել են նորից այս նոր պրոեկտների մեջ, բերել են, որ նորից նոր հանձնաժողով, նորից՝ վեց հատ DVD բեր, մի հատ լավ նայենք, նորից ամեն ինչը ֆռռում ա․․․»
Զարմանալի է, բայց պարզվում է, որ Ազգային կինոկենտրոնը, չնայած ֆիլմը անավարտ է եղել, ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Արա Մնացականյանին 2012 թվականին տրամադրելով 8 մլն դրամ ֆիլմի հետարտադրական աշխատանքների համար, փաստաթուղթ է ստորագրել տվել, որ ֆիլմն ավարտված է․ - «Ես ինքս իրականում գիտեմ ինչու: Հերթական մի հատ գումարիկ պետք է տան արտադրական որևէ պրոցես շարունակելու համար, կանչել են, պայմանով ասել են՝ ստորագրի, որ վերջացրել եք, որ էս գումարիկը տանք: Էդ մարդն էլ էդ պահին գումար ունի ևս մի քայլ ֆիլմը շարունակելու»:
Ֆիլմի ոդիսականի մեջ մի այսպիսի ուշագրավ դրվագ էլ կա: 2014 թվականի ֆիլմի նեգատիվ ժապավենները գտնվել են Մոսկվայի «Սալամանդրա» կոչվող կինոլաբորատորիայում, որն ինչ-ինչ պատճառներով փակվել է, և դրանից հետո երկար ժամանակ անհայտ է եղել, թե որտեղ են գտնվում այդ ժապավենները: Դրանք երկու տարի անց են միայն հայտնաբերվել «Գոսֆիլմոֆոնդի» արխիվներում:
«Երբ որ ես սկսեցի աղմկել, որ էդ, որպես պետական գույք կորել ա: Մինչև հայտնաբերեցինք, թե որտեղ են մեր ժապավենները, ես մտածում էի, որ կարող էր ցանկացած աղբամանում լիներ», - նշեց Շահբազյանը:
Հիմա ֆիլմը ավարտին հասցնելու համար 18 մլն դրամ է հարկավոր, և որևէ հեռանկար չտեսնելով, կինոռեժիսորն այսօր առավոտյան փորձել էր դիմել ծայրահեղ քայլի՝ հացադուլի Մշակույթի նախարարության մուտքի մոտ: Բայց հացադուլը սկսելուց և լրագրողների հետ զրույցից կարճ ժամանակ անց Արամ Շահբազյանին մոտեցավ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ առաջարկելով կինոռեժիսորին ներս մտնել նախարարություն և համատեղ քննարկել խնդիրը: Նախարարը նաև խոստացավ լրագրողներին Արամ Շահբազյանի հետ զրուցելուց հետո պատասխանել բոլոր հարցերին:
Մոտ մեկուկես ժամ զրուցելուց հետո վերադառնալով՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ իրենց համար շատ կարևոր է բաց, թափանցիկ աշխատանքը․ - «Մենք պայմանավորվեցինք, որ առաջին քայլը, որ ես պետք է անեմ, քանի որ նշվեց, որ այդ ընդհանրապես հանձնաժողովի քննության մեջ չպետք է լիներ, և կինոկենտրոնը արդեն իսկ խոստացել էր, որ այն նկարահանվելու է, և գումարը տրվելու է փոսթփրոդաքշնի համար․․․ եղել է ընդ որում որոշում, ոչ թե պայմանավորվածություն, անհասկանալի է, թե ինչու է այն հայտնվել հիմա հանձնաժողովի քննարկմանը: Դրա հետ կապված ես իհարկե կհանդիպեմ տիկին Շուշանիկ Միրզախանյանի հետ, կինոկենտրոնի տնօրենի հետ, կստանամ պարզաբանում: Մենք որոշեցինք, որ նաև հանձնաժողովի հետ նիստ կհրավիրեմ հենց այսօր, և այս պահին, րոպե հետո պիտի զբաղվենք խնդրի լուծմամբ:
Նախարարի պատասխանը լիովին գոհացրեց Արամ Շահբազյանին և նա դադարեցրեց հացադուլը․ - «Ես հենց դրան էի սպասում: Ես կարողացա նախ ամենասկզբից մանրակրկիտ պատմել խնդիրը ինչումն ա և պրոբլեմները ինչումն են, սկսվում ա հենց հիմա գործընթաց հիմա դրա հետ կապված, ու գործընթացը ամենաթափանցիկ ձևով ա սկսվում: Դա հենց այն է, ինչ որ ես ուզում էի»:
Շահբազյանը նաև ասաց, որ հավանաբար հացադուլի չէր դիմի, եթե պատշաճ կերպով ստանար իր նամակի պատասխանը։
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հավելեց․ - «Պարոն Շահբազյանի նամակի հետ կապված՝ քանի որ խնդիրը վերաբերել է կինոյի ոլորտին, և կա համապատասխան փոխնախարար, ով համակարգում է այդ ոլորտը, նամակը հասցեագրվել է հենց իրենց: Նազենի Ղարիբյանն է, նա զբաղվում է, հանձնաժողովը ստեղծված է, և իսկապես որևէ մեկս չենք կասկածում հանձնաժողովի անդամների ազնվությանը: Ես տեղյակ չէի խնդրից»: