Մատչելիության հղումներ

Շատ մեծ հեռանկար կա մեծ թափով հայրենադարձություն կազմակերպելու համար. սփյուռքի նախարար


Շատ մեծ հեռանկար կա մեծ թափով հայրենադարձություն կազմակերպելու համար, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նշեց՝ հայրենադարձությունը ոչ միայն նախարարության, այլև պետության կարևորագույն ուղղություններից մեկն է։

«Հայաստանը պետք է սկսի նաև լուծել սփյուռքում առկա խնդիրները։ Երկարաժամկետ կտրվածքում անկասկած ուժեղ սփյուռքը վերջին հաշվով ծառայելու է Հայաստանի Հանրապետությանը, նպաստելու է Հայաստանում տնտեսության զարգացմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Շատ մեծ հեռանկար կա իսկապես հայրենադարձության մեծ թափով կազմակերպելու համար։ Սակայն դրան զուգահեռ ուզում եմ ասել, որ անկախ ամեն ինչից մասնագիտական հայրենադարձության գործընթացն արդեն իսկ ընթանում է, բացի այդ մեր կադրային քաղաքականությունը ևս հստակ ազդակ է մեր հայրենակիցների համար, որ պետական կառավարման ոլորտում մենք իսկապես մեր սփյուռքահայ հայրենակիցների ներուժն անկասկած պետք է ներգրավենք», - ասաց նախարարը։

Հայրապետյանը նշեց, որ երկրից դուրս ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ մարդիկ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Հայաստանում։

«Այստեղ հիմնական հարցը, որ հետաքրքրում էր պոտենցիալ ներդրողներին դա բիզնես միջավայրը ճանաչելուն էր վերաբերում։ Սփյուռքահայերը, ովքեր նախկինում երբեք Հայաստանում չեն եղել, խնդիր ունեն հասկանալու, թե ովքեր են շուկայում խոշոր խաղացողներն, ինչպիսի մրցակցային դաշտ կա և որոշակի տեղեկատվության պակաս կա։ Այս իմաստով ես նաև պետք է հանդիպեմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ներկայացնեմ բոլոր այդ մտահոգությունները, նա տնտեսական գծով համակարգում է աշխատանքները», - ասաց սփյուռքի նախարարը։

Այս պահին ասել, որ մեծ ներգաղթի համար Հայաստանը պատրաստ է, իհարկե՝ ոչ, ասաց Հայրապետյանը՝ շարունակելով. - «Մենք պետք է լինենք իրատես, օբյեկտիվ մոտենանք խնդրին, մի կողմ թողնենք էմոցիաները, սակայն դա շարունակական գործընթաց է, դրան միայն սփյուռքի նախարարության մեկ որոշմամբ չենք գալու, սա պետական քաղաքականության մասին է խոսում, ռազմավարությունների մասին է խոսում և երկարաժամկետ աշխատանքի մասին է խոսում, սակայն պրոֆեսիոնալ և մասնագիտական հայրենադարձության մեծագույն պահանջարկ կա Հայաստանում և սա արդեն ընթացքի մեջ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG