Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:
«Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր զավակների հերոսության և անձնազոհության համար: Հավատում եմ, որ նրանց պահվածքը, խիզախությունն առաջին հերթին դաստիարակվել է ընտանիքում: Անկեղծ ասած, նախատեսում էի ավելի շուտ հանդիպել ձեզ, բայց ուզում էի նաև հանդիպումը հետաձգել, որպեսզի ինչ-որ սփոփող որոշում կայացված լիներ, որից հետո այս հանդիպումը տեղի ունենար: Այդ որոշումը կայացվեց երկու շաբաթ առաջ»,- վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է՝ խոսքը վերաբերում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թվի ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա աջակցություն ստանալ նաև 2015 թվականի հունվարից հետո տեղի ունեցած դեպքերի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց և զոհված զինծառայողների ընտանիքներին: «Սա նշանակում է, որ ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները, հաշմանդամություն ստացած անձինք նույնպես պետական շարունակական աջակցություն կստանան: Հույս ունենք, որ դա ինչ-որ չափով կթեթևացնի ձեր հոգսերը: Իհարկե, անսփոփելի է այն վիշտը, որ դուք հիմա կրում եք: Սա զուտ ֆինանսական խնդիր չէ, սա շատ կարևոր բարոյական խնդիր է, որպեսզի հանրությունը և պետությունը ցույց տան, որ կանգնած են հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց ընտանիքների, հարազատների կողքին»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործությունների բացահայտման մասին զոհված զինծառայողների ծնողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր էլ են հարցնում՝ ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործություններ են տեղի ունեցել, դրանք չե՞ն բացահայտվելու: Արդեն ունենք այդպիսի բացահայտումներ, և բոլորին հայտնի դրվագը, որը ամենախոշոր և առաջին կոռուպցիոն բացահայտումներից է, հենց ուղիղ ապրիլյան պատերազմի մասին էր, թե ինչպես օգնությունը, այդ թվում՝ տեխնիկան, զինվորներին չի հասել»: