Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը․ Օսիպյան


Ոստիկանապետ Վալերի Օսիպյան, 21-ը օգոստոսի, 2018 թ․
Ոստիկանապետ Վալերի Օսիպյան, 21-ը օգոստոսի, 2018 թ․

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը «հավանաբար շուտով կհայտնվի Հայաստանի ոստիկանության տեսադաշտում»: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Հարցին՝ ինչ նորություն կա Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզման գործընթացի շուրջ, Օսիպյանը պատասխանեց՝ այդ հարցում Հայաստանի ոստիկանությունը համագործակցում է «Ինտերպոլի» հետ։

«Համագործակցում ենք միջազգային ոստիկանության՝ «Ինտերպոլի» կառույցի հետ: Իրականացնում ենք այդ գործընթացը համաձայնագրի շրջանակներում: Թույլ տվեք չմանրամասնել, բայց շուտով կհայտնեմ այնպիսի տեղեկություններ, որոնք կլինեն մեր տեսադաշտում»,- ասաց Օսիպյանը:

Ի տարբերություն Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի, «մարտի 1»-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ ոստիկանությունը դեռ միջազգային հետախուզում չի հայտարարել։ Օսիպյանի խոսքով՝ առայժմ սահմանափակվել են միջպետական հետախուզում հայտարարելով։ «Ազատությունը» հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարիք չկա այս հարցում ևս աշխատել «Ինտերպոլի» հետ։ «Դրանով զբաղվում ենք, լրացուցիչ կհայտնենք»,- պատասխանեց ոստիկանապետը:

Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում արդեն 100 օր աշխատող Օսիպյանը, հիշեցնենք, տուժող էր ճանաչվել «Սասնա ծռեր» զինված խմբի գործով։ 2016-ի ամռանը մոտ մեկ շաբաթ ՊՊԾ գնդում պատանդ պահված՝ այն ժամանակ Երևանի նախկին փոխոստիկանապետից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ թավշյա հեղափոխությունից հետո կալանքից հերթով ազատ են արձակվում խմբի անդամները։

Օսիպյանի խոսքով՝ արդարադատությունն իրականացնող մարմինը դատարանն է։ Նա չգնահատեց նաև «Սասնա ծռերի» գործողությունները, միայն նկատելով․ «Այո, ես ունեմ իմ տեսակետը, հստակ գնահատականն այդ ամենին, կանդրադառնամ հետո: Իսկ թե նրանք հերոսներ են, թե ոչ, կգնահատի դատարանը, կգնահատի պատմությունը, կգնահատի ժամանակը, հայ ժողովուրդը»:

«Սասնա ծռերի» դատավարությունը շուտով հասնելու է տուժող ոստիկանների հարցաքննության փուլին, բայց Օսիպյանը դեռ դատարան չի հրավիրվել։ Ոստիկանապետն այսօր տեղեկացրեց՝ եթե հրավիրվի, ապա առանց կաշկանդվելու կգնա ու կպնդի նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները։

Իսկ ինչ վերաբերում է խմբի առանցքային անդամ Պավել Մանուկյանի վերջերս արած հայտարարությանը, թե ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ՝ ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը, Օսիպյանը չմեկնաբանեց նաև այդ հայտարարությունը:

ՀՀ ոստիկանապետի պաշտոնում իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը Օսիպյանը համարում է համակարգում կոռուպցիայի իսպառ վերացումը։ «Կարմիր գիծը քաշվեց դեռ այն օրը, երբ ստանձնեցի այս պաշտոնը»,- ասում է ոստիկանապետը, չբացառելով, սակայն, որ այժմ էլ համակարգում կարող են լինել օրինազանցներ։ Ըստ Օսիպյանի, նման կադրերն իրենց շարքերում անելիք չունեն, ազատումներ արդեն եղել են, ոմանք էլ ինքնակամ են լքել համակարգը։

Բացի անցած 100 օրում կատարած աշխատանքի, ոստիկանության համար առաջիկա ընտրություններն են նաև շատ կարևոր։ Վալերի Օսիպյանն այսօր կրկին վստահեցրեց՝ ունենալու ենք Հայաստանի պատմության մեջ բացառիկ ընտրություններ, որոնց ընթացքում ընտրակաշառքը տեղ չի ունենալու։ «Որևէ մեկը, անկախ իր կարողություններից, պաշտոնից ու դիրքից, չի կարող այդ արատավոր պրակտիկան կիրառել, պատժվելու է և՛ կաշառք տվողը, և՛ վերցնողը»,- հայտարարեց ոստիկանապետը։ Խոսելով ընտացուցակների մասին, նա նշեց՝ իրավապահներն արդեն սկսել են ցուցակների ճշգրտումն ու արդեն իսկ հայտնաբերել բավական լուրջ խախտումներ։

Իրավապահ համակարգի ղեկավարն այսօր նաև չբացառեց, որ նախկինում կատարված հանցագործությունների հետ կապված կարող են լինել նոր զարգացումներ, բացատահայտվել նոր անուններ, ինչպես եղավ Սաշիկ Սարգսյանի որդիների՝ Հայկ և Նարեկ Սարգսյանների պարագայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG