ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի դեմ պատժամիոջցները չեղարկելու հարցը պայմանով, որ Ռուսաստանը գնա ԱՄՆ-ի շահերին համապատասխանող զիջումների Սիրիայի և Ուկրաինայի հարցերում։ Նման հայտարարություն է արել Թրամփը երեկ՝ «Ռոյթերզին» տված հացրազրույցում:
Միացյալ Նահանգները մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ սկսած 2014 թվականից: Առաջին պատժամիջոցները Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում Մոսկվայի իրականացրած քաղաքականության պատասխանն էին։ Մոսկվայի հանդեպ սանկցիաների մյուս խումբը սահմանվեց 2016 թվականին՝ ամերիկյան ընտրություններում ՌԴ հատուկ ծառայությունների միջամտության փորձերին ի պատասխան: Կրեմլի հանդեպ պատժամիջոցներ սահմանվեցին նաև Սիրիայում Ռուսաստանի գործողությունների համար:
Ամերիկյան պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն արդեն վաղը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը որակել է որպես ոչ-բարեկամական և ապօրինի գործողություններ Ռուսաստանի դեմ և հավելել է, որ դրանք վնաս կհասցնեն միջազգային առևտրին։
Պեսկովի խոսքով՝ Կրեմլում արդեն ծանոթացել են նոր պատժամիջոցների նախագծի տեքստին և եկել են այն եզրահանգման, որ դրանք ապօրինի են և հակասում են միջազգային իրավունքին։
Վաղը՝ օգոստոսի 22-ին, ուժի մեջ է մտնում Սկրիպալների գործի շրջանակներում պատժամիջոցների առաջին փաթեթը։ Ռուսաստանի տնտեսության համար առավել վտանգավոր են երկրորդ փաթեթով նախատեսված պատժամիջոցները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն երեք ամսից։
Սակայն այս պատժամիջոցներից բացի նոր պատժամիջոցներ քննարկվելու են նաև ԱՄՆ Սենատում արդեն սեպտեմբերին, երբ սենատորները վերադառնան արձակուրդներից։
Օգոստոսի սկզբին, երբ հայտնի դարձավ այդ նոր պատժամիջոցների մասին, ռուսական տարադրամը, որ մինչ այդ բավականին կայուն էր, սկսել էր սրընթաց անկում գրանցել։ Փորձագետները կանխատեսում են, որ այս նոր պատժամիջոցներն ամենակոշտ են և դրանց հետևանքով դոլարը Ռուսաստանում կարժենա 70 ռուբլուց ավելի, իսկ ռուսական տնտեսությունն՝ առավել ևս ֆինանսական համակարգը, ճգնաժամի մեջ կհայտնվի։
Պեսկովը երեկ նաև հայտարարել է, թե ամեն դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավատես է և ուզում է դուրս հանել ռուս-ամերիկյան հարաբերությունները խորը ճգնաժամից։
Հուլիսին Հելսինկիում կայացել էր, մեկնաբանների բնորոշմամբ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների պատմական գագաթնաժողովը, սակայն գագաթնաժողովից անմիջապես հետո ամերիկացի մի խումբ սենատորներ հայտարարեցին, որ պատրաստում են պատժամիջոցների նոր նախագիծ։
Հավելենք, որ նոր պատժամիջոցներով կարող են արգելվել ռուսական բանկերի գործունեությունը Միացյալ Նահանգներում, ռուսական «Աերոֆլոտ»-ի թռիչքները Միացյալ Նահանգներ։ Արգելվելու են նաև ներդրումներ ռուսական էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ նաև այն ծրագրերում, որ ռուսական ընկերություններն իրականացնում են Ռուսաստանի տարածքից դուրս։ Լուրջ սահմանափակվելու են նաև ներդրումները ռուսական պետական պարտատոմսերում։