Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով նախաքննությունն ավարտվել է


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, և 33-ամյա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։ Նա կալանավորված է։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, դեռևս 11 տարի առաջ՝ 2007-ին,հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին: Հարուցվել էր քրեական գործը, որը, սակայն կարճվել էր․ որոշվել էր Արթուր Ղևոնյանին քրեական հետապնդման չենթարկել՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխությունից հետո հարուցվեց նոր քրեական գործ, որի արդյունքում պարզվեց, որ Դավիթ Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե անզգուշությամբ Արթուր Ղևոնդյանի կողմից, այլ նրան փորձել են սպանել, իսկ սպանության փորձն իրականացրել է Հայկ Սարգսյանը։

Նախաքննական մարմնի փոխանցմամբ, Դավիթ Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի՝ Երևանի կենտրոնում գտնվող բնակության վայրի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Իրավապահները հայտնաբերել և առգրավել են ատրճանակը:

Ըստ իրավապահների, կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ է կրակոց արձակվել տուժողի որովայնի ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի խոռոչի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով՝ լյարդի և աջ երիկամի վնասումով, աջ երիկամի հեռացումով՝ ուղեկցված հետորովայնային հեմատոմայով, ներքին արյունահոսությամբ։

«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց՝ այն, որ քննչական մարմինները ավելի քան 1 ամսվա ընթացքում կարողացան բացահայտել տարիներ առաջ տեղի ունեցածը. նշանակում է, որ այս հանցագործությունը բացահայտված էր մինչև իշխանափոխությունը։ Պարզապես իրավապահները չէին կարող այդ մասին բարձրաձայնել․ ֊ «Սա ի՞նչ է նշանակում, որ ժամանակին՝ 2007 թվականին, քննչական մարմինների կողմից այդ փաստով կատարվել է բավական լուրջ քննչական աշխատանք, պարզապես եղել է քաղաքական հրահանգ և տուժողի վրա, ամենայն հավանականությամբ, ճնշում, որպեսզի քրեական գործը փակվի։ Այսինքն՝ ընթացք չտրվի։ Ուզում եմ շեշտել, որ բավականին լուրջ տվյալներ են ձեռք բերվել՝ դատաբժշկական փորձաքննություններ, փաստական հանգամանքներ: Հակառակ պարագայում այսքան կարճ ժամկետում հնարավոր չէր լինի այդ գործը ավարտելը»:

Սաքունցը չի բացառում, որ գործը դատարան ուղարկվելուց հետո կկրկնվի Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման վերաբերյալ վերաքննիչ բողոքի պատմությունը։ Երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանը նրա իշխանության օրոք աշխատել էր նախագահի աշխատակազմում։ Բացի այդ, նաև Մարտի 1֊ի գործով 9 դատավճիռ կայացրել։ Ուստիև շատերի, այդ թվում գործը քննող Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով, դատավորը կաշկանդված է. ֊ «Այնպես որ, չգիտենք, թե այս գործով դատավորը, որը կընտրվի կամ կնշանակվի, ինչ առնչություններ է ունենալու, ասենք, Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ։ Սա մենք, այնուամենայնիվ, բացառել, որ հնարավոր ազդեցությունը չկա կամ չի լինելու, չենք կարող։ Բայց ես հստակ կարող եմ բացառել, որ չի լինելու քաղաքական իշխանության կողմից որևէ թելադրանք դատարանի նկատմամբ»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբորորդու քրեական գործի մանրամասներին՝իրավապաշտպան Սաքունցը հիշում է ոչ վաղ անցյալը, երբ ամենաթողություն էր և գործում էր ընտրովի արդարադատությունը․ ֊ «Ինչո՞ւ միայն Սերժ Սարգսյանը: Ես կհիշեցնեմ նաև հայտնի Լիսկային, որը հայտնի էր բազմաթիվ հանցագործություններով, որոնց մասին լրատվամիջոցները ժամանակին հրապարակում էին»:

Իշխանափոխությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այլ մերձավորները։ Սաշիկ Սարգսյանի մյուս որդին՝Նարեկ Սարգսյանը, երկու տարբեր քերական գործերում է ներգրավված։

Դատախազությունը քրեական գործ է հարուցել 31-ամյա Նարեկ Սարգսյանի կողմից Երևանում բնակվող 49-ամյա տղամարդու ենթադրյալ առևանգման ու ծեծի դեպքով։ Քրեական գործը հարուցվել է 131 հոդվածի հատկանիշներով, այն է՝ շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մարդուն առևանգելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Մեղադրյալի կարգավիճակում են նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, նրա որդին և դուստրը՝ ապօրինի հարստանալու հոդվածով: Լյովա Սարգսյանը հետախուզվում է: Սերժ Սարգսյանի եղբոր տանը իրավապահները հայտնաբերել էին շուրջ յոթ միլիոն դոլարի ավանդի պայմանագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG