Մատչելիության հղումներ

Ձորագյուղի համայնքապետը գերադասել է հրաժարական տալ, քան հարկերը չվճարած համագյուղացիներին տանել դատարան


Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի 28-ամյա ղեկավար Սուրեն Հարությունյանը հրաժարական է տվել։ Երկու տարի առաջ ձայների 85 տոկոսով գյուղապետ ընտրված երիտասարդն ասում է՝ փորձել է 300 բնակիչ ունեցող իր հարազատ գյուղում ինչ-որ բան փոխել, բայց 8 միլիոն դրամանոց բյուջեով ոչինչ անել չի հաջողվում։

«Ես չեմ եկել ստեղ աշխատելու աշխատավարձի համար, կամ որպես աշխատանք, կամ սա ինձ համար ինչ-որ ինքնահաստատման ինչ-որ ուղղություն էր էլի», ֊ «Ազատության» հետ զրուցյում պատմեց Հարությունյանը: Մեր հարցին՝ ինչքա՞ն աշխատավարձ էր ստանում, մանրամասնեց՝ «83 հազար դրամ»:

Ընտրովի պաշտոնից հրաժարված անկուսակցական համայնքապետը մատնացույց է անում գյուղի բազմաթիվ խնդիրները. մարզկենտրոնից 35 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը գազաֆիկացված չէ, գյուղ տանող ճանապարհը քարքարոտ է, ջրի ներքին ցանցն էլ՝ ամբողջովին մաշված: 5 ամսվա աշխատավարձի պարտք են կուտակել, նորակառույց մանկապարտեզն էլ ստիպված փակել են։

Սուրեն Հարությունյանն ասում է՝ պաշտոնն ստանձնելուց հետո կրճատել է աշխատողների թիվն ու գյուղապետարանի ծախսերը, բայց միևնույնն է՝ գործը գլուխ չի գալիս:

«Ես չունեմ ծառայողական մեքենա, չունեմ վառելիքի և տրանսպորտային այլ ծախսեր։ Նախկինում ծառայողական մեքենա չենք ունեցել, բայց ծախսեր եղել են։ Մարդը իրա սեփական մեքենան, ենթադրենք, դրել ա, դա շատ համայնքներում արել են, կամ մի այլ մեքենա, մեկին պայմանագրով վերցնում՝ դնում են և այլն, և այլն։ Չենք արել նման որևիցե բան։ Երկու տարվա ընթացքում ունեմ ընդամենը հազար դրամի գործուղում դեպի Վանաձոր քաղաք։ Որ մտածում ես, մարդիկ ասում են՝ բա, լավ, քու քյարը ո՞րն ա, որ անում էիր, աշխատում էիր։ Իմ քյարը, իմ շահը էն ա էղել, որ ի նպաստ իմ գյուղի, ես ինչ-որ մի բան անեմ», ֊ պատմում է նա:

Մի դիմում էլ գյուղապետարանի հաշվապահ Բախշիկ Հարությունյանն է պատրաստվում գրել։ Նա ևս կթողնի աշխատանքը, որի դիմաց ամսական 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ է ստանում։ Հարկերի հավաքագրման պարտավորությունն իր վրա է դրված, մինչդեռ, հատկապես վերջին 3 ամիսներին անգամ զրո ցուցանիշ է արձանագրել. այսօրվա դրությամբ հարկերի հավաքագրման պլանի միայն կեսն են կատարել։

«[Հեղափոխությունից հետո] Մարդկանց մոտ տարածված միֆ կա, իբրև թե հարկերը պետք ա ներվեն, զիջվեն: Մարդիկ մտածում են՝ ինչի՞ տանք, եթե պիտի վաղը ֊ մյուս օրը ներվի», ֊ պատմեց հաշվապահը:

Սեփական եկամուտների ցածր տոկոսներ ապահոված գյուղապետը պարտավոր է դատարան դիմել, մարզպետարանի պահանջն է։ Մինչդեռ գյուղապետ Սուրեն Հարությունյանն ասում է՝ երբե՛ք դատի չի տա իր համագյուղացուն․ ֊ «Ավելի լավա ես վաղը մյուս օր բաց ճակատով դուրս գամ իմ համագյուղացու հետ ներից շփվեմ, քան թե ի պաշտոնե գնամ էդ էայլերի»:

Ձորագյուղի բնակիչներին արդեն հասել են երիտասարդ գյուղապետի հրաժարականի մասին լուրերը, բայց չեն միջամտում: Դա գյուղապետի գործն է, ասում են։

Ավագանին արդեն հաստատել է համայնքապետի հրաժարականը։ Լոռու մարզպետը եկել, լսել է նրա առաջ քաշած պատճառներն ու առաջիկա օրերին հրաժարականի դիմումը կներկայացնի կառավարություն։ Քանի դեռ կառավարությունը որոշում չի կայացրել, Սուրեն Հարությունյանն ասում է՝ միտքն այլևս չի փոխի։

«Որոշումն արդեն կայացված ա, դա փոփոխման ենթակա չի», ֊ շեշտում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG