Մատչելիության հղումներ

Թուրք֊ամերիկյան աճող լարվածության ֆոնին անհայտ անձինք կրակ են բացել Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա


Պաշտոնական Անկարան շարունակում է քննադատություններ հնչեցնել Վաշինգտոնի հասցեին՝ իրենց որակմամբ Թուրքիայի դեմ սկսված տնտեսական պատերազմի պատճառով:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մահմեդական մեծ տոնի՝ Քուրբան բայրամի առիթով քաղաքացիներին հղած շնորհավորական ուղերձում անուղղակի մեսիջներ է հղել նաև ԱՄՆ-ի իշխանություններին:

«Ոչ մի տարբերություն չկա. մեր տնտեսության դեմ հարձակումը, հարձակում է մեր աղոթքի ու դրոշի դեմ: Նպատակը նույնն է՝ ծնկի բերել ու ստրկացնել Թուրքիան ու թուրք ժողովրդին»,- հայտարարել է Էրդողանը:

Նա համոզմունք է հայտնել, որ ոչ ոք չի կարող ընկճել իրենց:

«Նրանք, որոնց չհաջողվեց Թուրքիան ծնկի բերել ահաբեկչական կազմակերպությունների, դավաճան խմբավորումների, հազարավոր կեղծիքների, դավերի ու թակարդների միջոցով, կարծում են, թե մենք կհանձնվենք արժույթի պատճառով: Նրանք շուտով կտեսնեն, որ սխալվում էին: Աստծո կամոք, մեր երկիրը այս ամենը հաղթահարելու համար բավարար ուժ ու հնարավորություն ունի», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ավելի քան երկու շաբաթ է թուրք-ամերիկյան հարաբերությունները աննախադեպ լարված շրջան են ապրում Թուրքիայում ամերիկացի բողոքական հովիվ Էնդրյու Բրանսոնին ազատազրկման պատճառով, որին թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկչությանը աջակցելու մեջ:

Ուշագրավ է, որ Բրանսոնին անհապաղ ազատ արձակելու ԱՄՆ-ի պահանջը հրապարակավ մերժող Անկարան պայմաններ է առաջադրել Վաշինգտոնին ամերիկացի պաստորի կալանքը հանելու դիմաց: Այս մասին The Wall Street Journal-ին ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ըստ հաղորդագրության, հոգևորականին ազատելու համար Անկարան առաջարկել է թուրքական պետական Հալքբանկին ազատել մի քանի միլիարդ դոլարի հասնող տուգանքներից, որոնք Վաշինգտոնը սահմանել է՝ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար:

«Մենք նմանատիպ հարցերը կքննարկենք միայն Բրանսոնին ազատելուց հետո»,-ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել էր․ ֊ «Մենք ոչինչ չենք վճարի անմեղ մարդու ազատման դիմաց, բայց հաստատ կսահմանափակենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները»:

ՆԱՏՕ-ի դաշնակիցների հարաբերություններում խորացող ճգնաժամի ֆոնին այսօր վաղ առավոտյան անհայտ անձինք կրակ են բացել Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան շենքը հսկող պահակների վրա: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Ըստ ականատեսների, անհայտ անձինք 4-5 կրակոց են արձակել դեսպանատան փողոցով անցնող մի սպիտակ մեքենայից: Ոստիկանությունը որոնում են զինյալներին պատկանող մեքենան:

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փակ էր մահմեդական տոնի՝ Քուրբան բայրամի կապակցությամբ:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, արձագանքելով Անկարայում ամերիկյան դեսպանատան դեմ հարձակման միջադեպին, տեղի ունեցածը բացահայտ սադրանք է որակել: ֊ «Մենք ապահովում ենք Թուրքիայում գործող դիվանագիտական ծառայությունների, դեսպանությունների անվտանգությունը: Անհրաժեշտ բոլոր միջոցառումները առանձնակի ուշադրությամբ են իրականացվում: Թուրքիան անվտանգ երկիր է», - հավաստիացրել է Չելիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG