Մատչելիության հղումներ

Աշխատանքային կախվածության մեջ գտնվելու՝ Ազարյանի հրապարակած փաստը, ինքնաբացարկի հիմք է. Նիկոլայ Բաղդասարյան


Եթե Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը գտնվել է աշխատանքային կախվածության մեջ և ինքը դատարան մտնելուց հետո այդ փաստը հրապարակում է, դա արդեն պետք է ինքնաբացարկի հիմք հանդիսանար, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը՝ պարզաբանելով Ազարյանի ինքնաբացարկի անհրաժեշտությունը:

«Յուրաքանչյուր մարդ կարող է բացել Քրեական դատավարության 90 հոդվածի 6-րդ մասն, այնտեղ գրված է, որ ոչ թե պետք է դատախազն ինքնաբացարկ հայտնի, այլ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, դատախազը կարող է հետ կանչել այդ ինքնաբացարկը։ Դատավորը խախտել է ընթացակարգն։ Ինքն իրեն նշանակելով որպես այդ գործով դատավոր՝ այդտեղ խախտում չեմ տեսնում, բայց, եթե նա գիտեր, որ որոշակի փաստեր կան, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցեն իր անաչառության վերաբերյալ, նախ ինքը չպետք է իր վրա նշանակեր, այնուհետև, եթե նշանակել է, դատարանի դահլիճ մտնելուց հետո պետք է ինքնաբացարկի տեքստով մտներ, դա է ասված օրենքի մեջ։ Յուրաքանչյուրս կարող ենք բացել այդ օրենքը և նայենք։ Այդ դատավորը, եթե այդ ընթացակարգը չի պահպանել, արդեն իր կայացրած որոշումը օրինական չի կարող համարվել՝ ինքը դատավարական նորմերն է խախտել», - ասաց Բաղդասարյանը։

Վարչապետի խորհրդականը նշեց՝ դատավորի ինքնաբացարկի անհրաժեշտություն չէր լինի, եթե դատավորը չհրապարակեր Քոչարյանի աշխատակազմում աշխատելու փաստը։

«Եթե ինքը չհրապարակեր փաստը, որ, օրինակ, ինքը գտնվել է աշխատանքային կախվածության մեջ, դա վիճելի է, դա չպետք է կիրառվեր։ Այսինքն՝ այն հանգամանքը, որ եթե ինքն այդ փաստը հրապարակում է, դա արդեն պետք է ինքնաբացարկի հիմք հանդիսանար և ինքը ինքնաբացարկ պետք է հայտարարեր, եթե ինքը չէր հրապարակում, այստեղ խնդիր չկա։ Երկրորդ փաստը նա է, որ ինքը նախկինում մի տասը գործերով արդեն իսկ գործերը քննել է և կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը զանգվածային անկարգություններ են։ Այսինքն՝ այս բոլոր փաստերը վկայում են և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ անաչառության վերաբերյալ։ Օրենքը և միջազգային պայմանագրերով հստակ սահմանված է, որ սրանք կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ, բայց ի տարբերություն մեր միջազգային պայմանագրերով սահմանված ընթացակարգերի, ստեղ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը լրիվ այլ ընթացակարգ է սահմանում՝ մեր Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է՝ պետք է դատավորը ինքնաբացարկ ընդունի, վերադառնա խորհրդակցական սենյակ, այդ որոշումը տրամադրի կողմերին, կողմերն իր բացակայության պայմաններում, այսինքն՝ ինքը պետք է դահլիճից դուրս գա, իր բացակայության պայմաններում քննարկեին այդ հանգամանքը և եթե որոշում էին հետ կանչել, այդ մասին իրենք հայտարարեր։ Այս ընթացակարգը չպահպանելու դեպքում հանգեցնում է, որ դատավորի որոշումն անօրինական է՝ անկախ նրանից բովանդակությունն ինչ է գրված»։

Թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան իրավապահ մարմինները, մասնավորապես, հատուկ քննչական ծառայությունը, ներկայացրեցին տասը տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած արյունալի իրադարաձությունների՝ 2008-ի «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ նոր, աղմկահարույց հանգամանքներ:

Երկրի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ տասը տարի առաջ Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին: Հուլիսի 27-ին Քոչարյանը կալանավորվեց, սակայն երեք օր առաջ Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վերացվեց նրա խափանման միջոց կալանքը և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Ալեքսանդր Ազարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում:

ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանն օրերս հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումն ապօրինի է։ «Ալեքսանդր Ազարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում: Նաև հայտարարել է, որ թեև աշխատել է, սակայն, կաշկանդվածություն չունի այս գործի քննության հետ կապված։ Ինքնին այս փաստը, որ նա աշխատել է, ես էլ, օրինակ, չէի գնահատի, որպես նրա կողմնակալության մասին վկայող ապացույց», - մասնավորապես ասաց ՀՔԾ պետը:

Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը կբերի վճառաբեկ բողոք, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությունը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG