Մատչելիության հղումներ

ՀՀԿ ներկայացուցիչներն արձագանքել են Փաշինյանի ելույթին


Երևան, Հանրապետության հրապարակ, 17-ը օգոստոսի, 2018 թ.
Երևան, Հանրապետության հրապարակ, 17-ը օգոստոսի, 2018 թ.

«Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով»,- երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բազմամարդ հավաքն ու Նիկոլ Փաշինյանի ելույթն այսպես է որակում հանրապետական Արմեն Աշոտյանը։

Ֆեյսբուքյան գրառման մեջ նախկին իշխանության ներկայացուցիչն «անհաջող» է գնահատում Փաշինյանի ղեկավարած կաբինետը, իսկ աշխատանքը բնորոշում՝ «բացահայտ ձախողված»։ Աշոտյանը նաև գրել է. «Ճնշումների գործադրմամբ իշխանության եկած, ուժային կառույցների գործադրմամբ սեփական իշխանությունը ամրացնելու փորձեր անող, երկրում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորող իշխանության ղեկավարը երեկ հարձակվեց իշխանության մյուս ճյուղերի՝ օրենսդիր և դատական մարմինների վրա»:

Մի քանի ոլորտային բաժանումներով քննադատական գնահատականներ տալով Փաշինյանի ելույթի առանցքային հատվածներին, Աշոտյանն իր խոսքը եզրափակել է հետևյալ խոսքով. «Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք: Անգամ շարքային»։

Այսօր հայտարարություն է տարածել նաև ԱԺ փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը։ Իր ձևակերպմամբ՝ նա հիասթափված է Փաշինյանի ելույթից, քանի որ հաշվետվության փոխարեն, լսեց հաղորդում գործադիր իշխանության վախճանի մասին։ Հանրապետականի խոսնակը ևս կարծում է, որ Փաշինյանը «սպառնաց դատավորներին, ընդդիմախոսներին, կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը, զրոյացրեց պետական ինստիտուտները և փողոցը հռչակեց որոշում կայացնող միակ մարմինը»։

Վարչապետի ելույթին արձագանքել է նաև արդարադատության նախկին նախարարը։ Հանրապետականի գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն իր հայտարարությունում նշել է․ «Դատարանների կողմից մի շարք աղմկահարուց գործերով կայացված որոշումների մասին պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ»:

Խորհրդարանական մեկ այլ ուժի, նոր իշխանությունների հետ համաձայնության կառավարություն կազմած Դաշնակցությունից առայժմ չեն մեկնաբանում վարչապետի ելույթն ու այնտեղ հնչած գնահատականներն արտաքին ու ներքին քաղաքականության, «մարտի 1-ի» գործի ու տնտեսության վիճակի մասին։ «Ազատության» հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց՝ քանի դեռ քննարկումներ չեն ունեցել, պաշտոնական կարծիք ասել չեն կարող։

«Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ՝ ճշտելու նրանց արձագանքը: Հեռախոսազանգերին չէին պատասխանում նաև «Ելք» խմբակցությանն անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները։ ՀԱԿ-ից «այս պահին» ձեռնպահ մնացին վարչապետի ելույթը մեկնաբանելուց։

Նշեմ, սակայն, որ այսօր ֆեյսբուքյան գրառմամբ, ըստ էության հակադարձելով ընդդիմախոսներին, «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը գրել է՝ հանրաքվեների ինստիտուտի զարգացումը չի նշանակում, որ Հայաստանում չի լինելու Սահմանադրություն կամ պետական կառույցներ: Ըստ պատգամավորի՝ սա նշանակում է, որ «Քաղաքացիներն այլևս չեն ուզում, որ ինչ-որ մեկն իրենց ներկայացնի, առավել ևս 10 հազար դրամանոց ԱԺ-ն, մարդիկ ուզում են մասնակցելու հնարավորություն, և դրա լավագույն ձևը հանրաքվեներն են»: «Երբ ասում ենք, որ քաղաքացիներն են որոշելու իրենց կյանքին վերաբերող հարցերը, դրանք սիրուն խոսքեր չեն, այլ շատ հստակ քաղաքական հեղափոխական ծրագիր»,- գրել է Նազարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG