Մատչելիության հղումներ

Ստամբուլում բացվել է Արա Գյուլերի թանգարանը


Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 90-ամյակի առիթով նախօրեին Ստամբուլում բացվել է մեծանուն արվեստագետի թանգարանը:

Նախագիծը կյանքի է կոչվել թուրքական «Դողուշ» հոլդինգի հետ համագործակցության արդյունքում: «Ակօս» պարբերականի հաղորդմամբ, Ստամբուլի Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում տեղ գտած թանգարանի առաջին այցելուների դատին են հանձնվել Գյուլերի արխիվային լուսանկարներ, պատմվածքներ, նոթեր, տեսանյութեր, նկարներ, անձնական իրեր, գրքեր, լուսանկարչական սարքեր ընդգրկող «Սուլող մարդը» խորագրով ցուցադրությունը:

Բացման հանդիսության ժամանակ նշանավոր լուսանկարիչը նշել է, որ իր արխիվը ձևավորվել է երկար տարիների դժվար աշխատանքի արդյունքում: «Դողուշ» հոլդինգի գործադիր տնօրեն Հյուսնյու Աքհանն էլ մեծ ոգևորությամբ պատմել է Գյուլերի հետ վերջին երկու տարվա համագործակցության և իրականացված ծրագրերի մասին: Նա նշել է, որ բացի թանգարանից, մոտ 8 ամիս առաջ հիմնվել է Արա Գյուլերի արխիվ և հետազոտական կենտրոնը, որն էլ զբաղվել է ցուցադրության նախապատրաստմամբ:

Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած 90-ամյա Արա Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», «ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան»: Նա իր լուսանկարներում պատկերել է հին ու նոր Ստամբուլը, Արևմտյան Հայաստանի քաղաքներն ու հուշարձանները: Գյուլերի ֆոտոխցիկը «որսացել» է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը:

2016-ի հուլիսին հայազգի լուսանկարիչը համաձայնության էր եկել «Դողուշ» հոլդինգինգի հետ և իր արխիվը փոխանցել միջացգային պատկերասրահ հիմնելու նպատակով: Արդյունքում Գյուլերի նախագահությամբ ստեղծվել է Արա Գյուլերի անվան «Դողուշ» արվեստի և մշակույթի ընկերություն:

Գյուլերի տասնամյակների աշխատանքը ընդգրկող հսկայական արխիվը շուրջ 3 միլիոն եվրո է գնահատվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG