Ըստ գործարար, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենի, նախատեսվում է Լոռու մարզի Դեբեդ համայնքում գործող SMART նորարարական կրթական կենտրոնի ձևաչափով կենտրոններ ստեղծել նաև հանրապետության այլ համայնքներում, դրանցում ներգրավել դպրոցականներին և երիտասարդներին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների: Այդ մասին Գարո Արմենը հայտնել է երեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, կենտրոնում կուսուցանվեն նորագույն տեխնոլոգիաներ, օտար լեզուներ, արհեստներ, արվեստի տարբեր ճյուղեր և այլն:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ կրթության և մշակույթի ոլորտներում:
Գարո Արմենն անդրադարձել է նաև առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող բիզնես ծրագրերին և նշել, որ սփյուռքի տարբեր գործարար շրջանակներ ևս դիտարկում են հայրենիքում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները:
Կառավարության ղեկավարը ողջունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը և կարևորել սփյուռքի ներկայացուցիչների կողմից տարբեր ուղղություններով բիզնես ծրագրեր կյանքի կոչելու նախաձեռնությունները և ընդգծել, որ կառավարությունն իր քայլերով ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ բիզնես ծավալելու և շահույթ ստանալու համար:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Գարո Արմենին առաջարկել է ներդրումային ծրագրերն իրականացնելու ուղղությամբ ակտիվորեն աշխատել ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների հետ՝ դրանք արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով:
MSART կենտրոնը Լոռու մարզի Դեբեդ գյուղում բացվել է այս տարվա մայիսին։